ԱՄՆ-ում Փառքի նոր սրահ է բացվելու

Բիթլզը, Էլվիս Փրեսլին, Ֆրենկ Սինատրան և այլ երաժիշտներ հայտնվել են Փոփ-երաժշտության փառքի ամերիկյան սրահում ընդգրկվելու հավակնորդների շարքում: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը՝ թանգարանը կբացվի հաջորդ ամռանը:

Փենսիլվանիա նահանգի Քենոնսբուրգ քաղաքում բացվելիք Փառքի սրահում հայտնվելու առաջին 40 հավակնորդների անունները հրապարակվել է սեպտեմբերի 17-ին:

Նոր հաստատության կանոնների համաձայն՝ առաջադրվել կարող են միայն այն արտիստները կամ խմբերը, որոնց 1946-ից 1975թթ. ձայնագրած երգերից գոնե մեկը հիթ է դարձել ԱՄՆ-ում: Ամբողջական ցուցակը հետևյալ տեսքն ունի.

Փոլ Անկա, The Beach Boys, The Beatles, Bee Gees, Թոնի Բենեթ, Չաք Բերրի, Փեթ Բուն, The Carpenters, Ջոնի Քեշ, Ռեյ Չարլզ, Չաբի Չեկեր, The Dave Clark Five, Նեթ Քինգ Քոուլ, Փերրի Կոմո, Բոբի Դարին, Նիլ Դայմոնդ, Բոբ Դիլան, The Everly Brothers, The Four Seasons, Քոնի Ֆրենսի, Էլթոն Ջոն, Դին Մարթին, Ջոնի Մաթիս, The Monkees, Ռիկի Նելսոն, Ռոյ Օրբիսոն, Պաթթի Փեյջ, Լես Փոլ և Մերի Ֆորդ, The Platters, Էլվիս Փրեսլի, Փոլ Սայմոն և Արթ Գարֆանքլ, Ֆրենկ Սինատրա, Smokey & Miracles, The Supremes, Three Dog Night, Բոբբի Ոինթոն, Դայոն Ուորվիք, Էնդի Ուիլյամս, Հենք Ուիլյամս և Սթիվի Ուանդեր:

Այս ցուցակից դեռ պիտի ընտրվի 20 երաժիշտ, որոնք և կդառնան Փոփ-երաժշտության փառքի սրահի առաջին անդամները: Սեպտեմբերի 20-ին կմեկնարկի օնլայն քվեարկությունը, որը կորոշի հաղթողներին: Արդյունքները կհրապարակվեն 2013-ի մայիսին:

Քվեարկության մասնակիցներին կառաջարկվի նաև 1966-1975թթ․ 5 երգ ընտրել: Այս հարցման շնորհիվ կստեղծվի թոփ տասնյակ, որը ևս կընդգրկվի Փառքի սրահում:

ԱՄՆ-ում այս կամ այն երաժշտական ժանրերին նվիրված մի քանի Փառքի սրահ է գործում: Դրանցից ամենահայտնին Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում գտնվող ռոք-ն-ռոլի փառքի սրահն է:

Մեկնաբանել