Հակարիի ափին նոր գյուղ է կառուցվելու

Հարություն Խաչատրյանը այն հազարավոր հայերից մեկն է, որն ավելի քան քսան տարի առաջ ստիպված է եղել թողնել հայրենի տունը Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում: 1991թ. խորհրդային զորքերը ադրբեջանական ոստիկանական ջոկատների հետ միասին բռնություններով ու ջարդերով տեղահանեցին Հյուսիսային Արցախի հայկական բնակչությանը: Խաչատրյանը  տարիներ առաջ է հաստատվել Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջանի Նոր Էրջեջ գյուղում: Երբ արցախյան ուժերը 1993թ. գարնանը վերահսկողության տակ առան Քարվաճառի շրջանը, տունուտեղը կորցրած շահումյանցիների ու գետաշենցիների մի մասը 1990-ական թթ. վերջերից հաստատվեց Թարթառ գետի ափին գտնվող բնակավայրերում՝ դրանք վերանվանելով Նոր Էրջեք, Նոր Գետաշեն, Նոր Շահումյան…

«Հողը միայն նվաճելով չեն պահում, այլ այդ հողի վրա ապրելով ու արարելով»,- ասաց Խաչատրյանը՝ դիմելով Դադիվանքում հավաքված լիբանանցի գործարարների պատվիրակությանը: «Ես ԱՐԻ ընկերությունից ստացել եմ 1.5 միլիոն դրամ գյուղատնտեսական վարկ: Հաջորդ անգամ Ձեր Արցախ ժամանելու ընթացքում միասին կճաշակենք այն բերքն ու բարիքը, որ ես ստեղծում եմ»,- խոստացավ նա:

ԱՐԻ (Artsakh Roots Investment) ընկերության կազմում ընդգրկված են 86 հայազգի գործարարներ, որոնք կա՛մ բնակվում են Լիբանանում, կա՛մ ծնունդով Լիբանանից են: Այս ընկերությունը երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքով և առանց գրավի վարկեր է տրամադրում Քաշաթաղի և Նոր Շահումյանի շրջանների բնակիչներին:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի խոսքով՝ շնորհիվ ԱՐԻ-ի՝ Քաշաթաղի և Նոր Շահումյանի շրջաններում հարյուրավոր ընտանիքներ օգտվել են տրամադրվող վարկերից և լուծել իրենց սոցիալական խնդիրները, իսկ ևս հարյուրավոր ընտանիքներ սպասում են վարկ ստանալու իրենց հերթին: «Դժվար է 86 մարդու համախմբել մեկ գաղափարի շուրջ: Դուք կարողացել եք համախմբվել այս հրաշալի գաղափարի շուրջ»,- ասաց Հարությունյանը Ստեփանակերտում լիբանանահայ գործարարների հետ հանդիպմանը:

Արցախ այցելության ընթացքում ԱՐԻ-ին մաս կազմող մի քանի տասնյակ գործարարներ այցելեցին Քաշաթաղի և Նոր Շահումյանի շրջաններ, հանդիպեցին այն գյուղացիների հետ, որոնք վարկ են ստացել անասնապահությունը, գյուղատնտեսությունը և մեղվաբուծությունը զարգացնելու նպատակով:

ԱՐԻ-ի ներկայացուցիչներից Մասիս Ալեքսանդրյանի խոսքով՝ լիբանանահայ գործարարների պատվիրակության շրջապտույտը երկու հիմնական նպատակ էր հետապնդում: Առաջին՝ գործարարները, որոնք մաս են կազմում ԱՐԻ-ին, գալ և սեփական աչքերով տեսնել իրենց ներդրումների արդյունքները, երկրորդ՝ ԱՐԻ-ի կազմում ներգրավել նոր գործարարների: «Մենք Արցախի, Հայաստանի և Սփյուռքի գաղութներին կոչ ենք անում ներգրավվել ԱՐԻ-ի գործում»,- ասում է Ալեքսանդրյանը:

Արմեն Պրազյանը բնակվում է Դադիվանքում: Մեղվաբուծությունը զարգացնելու նպատակով նա ԱՐԻ-ից ստացել է 1.5 միլիոն դրամ վարկ: Նա Դադիվանքի միջնադարյան վանական համալիրում հավաքված լիբանանահայ գործարարներին և Նոր Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարությանը պատմում էր մեղվաբուծության մեջ իր ունեցած հաջողությունների և Քարվաճառի ներդրումային մյուս հնարավորությունների մասին: Չարեքտար գյուղի բնակիչներից Մխիթար Կարապետյանը պատմում է, որ ինքը ԱՐԻ-ի վարկառուներից չէ, սակայն իր հարևանների առօրյան ցույց է տալիս, որ ներդրումները որոշ չափով թեթևացրել են մարդկանց կյանքը և հնարավորություն տվել զարգացնել անասնապահությունը:

Քարվաճառը անասնապահության և մեղվաբուծության համար բարենպաստ պայմաններ ունի: Նոր Շահումյանի շրջանի վարչակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Խաչիկ Գալստյանը նշում է, որ ԱՐԻ-ի վարկերի շնորհիվ մեկ տարվա ընթացքում խոշոր եղջերավոր անասունների թվաքանակը ավելացել է 600-ով:

ԱՐԻ-ի վարկատուներից Բեն Բչաքչյանի խոսքով՝ բարեսրտությամբ հողատարածք չի վերաբնակեցվի, և տնտեսություն չի զարգանա: «Հենց այդ պատճառով էլ որոշեցինք ներդրումներ կատարել: Դա եղավ Արցախի կառավարության հետ համագործակցության շնորհիվ: Մենք կարողացանք լիբանանցի գործարարներին համոզել, որ փոխանակ օտար ափերի՝ ներդրումներ կատարեն հայրենիքում: Մեր նպատակն էր գյուղատնտեսությունը զարգացնելը, որի ուղղությամբ աշխատանքները կշարունակենք»,- ասում է նա:

ԱՐԻ-ի և ԼՂՀ իշխանությունների երկու տարիների համագործակցությունը ցույց է տվել, որ Արցախի 12 հազար քառակուսի կիլոմետր հողը մշակելու համար անհրաժեշտ է ողջ Սփյուռքի գործարարների ներգրավումը: Քանի որ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված չէ, ինչպես նաև այն համարվում է ռիսկային գոտի ներդրումների առումով, օտարերկրյա ընկերությունները խուսափում են ներկայություն ունենալ: Հետևաբար՝ միայն հայկական բիզնեսի վրա պիտի դնել հույսը:

Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը ԱՐԻ-ի ներկայացուցիչներից 82-ամյա Հակոբ  Չիլինկիրյանն ասաց, որ ներդրումների իմաստով Արցախը շատ ավելի ապահով վայր է, քան այլ երկրներ: Նա նկատեց, որ ընդամենը մի քանի տարի առաջ ապահով համարվող Սիրիան այսօր արյունալի պատերազմի մեջ է և հետևաբար՝ աշխարհի ամենառիսկային երկրներից: «Քաջ և լավատես լինենք: Այստե՛ղ, մեր հողի վրա գործ անենք»,- հորդորեց Չիլինկիրյանը: 

Վարչապետ Արա Հարությունյանի և ԱՐԻ-ի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում կարևորվեց Սփյուռքի այլ գաղութների ներգրավումը Արցախում ներդրումներ կատարելու գործում: ԱՐԻ-ի գործադիր տնօրեն Սուրեն Սարգսյան խոսքով՝ ժամանակն է դուրս գալ Լիբանանի սահմաններից և ներգրավել Սփյուռքի մյուս գաղութները, կուսակցություններն ու  համայնքային կառույցները:

Առաջիկայում Բեյրութում տեղի է ունենալու ԱՐԻ-ի ընդհանուր ժողովը, որին մասնակցելու հրավեր ստացավ նաև նախագահ Բակո Սահակյանը: Այդ հանդիպման ընթացքում, ինչպես նշեց ԱՐԻ-ի ներկայացուցիչներից Սյուզի Սեմերջյանը, նպատակ է դրվել հավաքագրել հավելյալ շուրջ 800 հազար դոլար և այն ևս ուղղել Քաշաթաղի և Նոր Շահումյանի շրջանների վարկավորմանը: ԱՐԻ-ի ռազմավարական նպատակների մեջ է մտնում ինչպես Հայաստանի և Արցախի գործարարների, այնպես էլ Ծոցի երկրների, Ռուսաստանի և Իրանի հայ գործարարների ներգրավումը:

ԱՐԻ-ն առաջիկայում ներգրավվելու է նաև Արցախի բնակարանաշինության ոլորտում: ԼՂՀ  վարչապետի առաջարկով՝ Բերձոր քաղաքի հարևանությամբ՝ Հակարի գետի հարթավայրային հատվածում, կառուցվելու է նոր գյուղ: «Առաջին փուլում նախատեսվում է կառուցել 50 տուն: Հետագայում ևս 50 տուն պիտի կառուցվի Հակարիի մյուս ափին: Դպրոցը, մյուս վարչական և կենցաղային շենքերը պիտի կառուցի պետությունը: ԱՐԻ-ն պիտի վարկերը տրամադրի բնակարանաշինությանը՝ ավելի երկար՝ 5-7 տարի մարման ժամկետով: Սա լինելու է մոդել գյուղ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան»,- ասում է Բեն Բչաքչյանը:

Արցախ այցելության հինգ օրերից մեկը լիբանանահայ գործարարների խումբը անցկացրեց ԼՂՀ հյուսիսային հատվածում՝ լինելով Գանձասարի միջնադարյան վանական համալիրում, Դրմբոնի Base Metals լեռնահումքային գործարանում և Դադիվանքում: Base Metals-ը տարիներ շարունակ եղել է ԼՂՀ խոշորագույն հարկատուն և ապահովել է շուրջ հազար աշխատատեղ: Դրմբոնից հանքանյութը վերամշակվում և ուղարկվում է Ալավերդի քաղաք, որտեղ պղնձաձուլարանում ստացվում է սև պղինձ և առաքվում Եվրոպա: Դրմբոնի հանքաքարը կբավարարի ևս երկու-երեք տարի, որից հետո Base Metals-ը կշահագործի Կաշենի հանքավայրը: Այն գտնվում է Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ճանկաթաղ և Ներքին Հոռաթաղ գյուղերի տարածքում: Կաշենի հանքավայրի պաշարները գնահատվում են 26 միլիոն տոննա: Կաշենում կառուցվելու է հարստացուցիչ նոր ֆաբրիկա: Նախատեսվում է վերանորոգել նաև Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը, որը Հայաստանը Արցախին կապող երկրորդ հիմնական ուղին է: ԼՂՀ իշխանություններն ակնկալում են, որ Կաշենի հանքավայրի շահագործումը առաջիկա տասնամյակների համար կապահովի հարյուրավոր աշխատատեղեր, ինչպես նաև կզարգացնի Քարվաճառի ենթակառուցվածքները:

Թաթուլ Հակոբյան

ԲերձորՍտեփանակերտԴադիվանք