Չնայած Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների առաջընթացի` անելիքները դեռ շատ են. ԱՄՀ

Թեև Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում առաջընթաց է արձանագրվել, այդուհանդերձ, դեռ այդ ուղղություններով անելիքներ կան: Այսպիսի հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Հորթոնի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի ընթացքը և ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները:

«Այս առաքելությունը երկու նպատակ էր հետապնդում` քննարկումներ անցկացնել տնտեսական քաղաքականության վերաբերյալ և իրականացնել մեր ծրագրի 5-րդ` հերթական ամփոփիչ ստուգումը: Դուք շեշտադրեցիք դրական զարգացումները, և մենք համակարծիք ենք: Ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել` հատկապես տնտեսական աճի ցուցանիշի առումով, որը կանխատեսվածից ավելի բարձր է` հաշվի առնելով ոչ բարենպաստ զարգացումները տարածաշրջանում և աշխարհում: Բյուջեի կատարողականը նույնպես տպավորիչ է, հատկապես եվրոպական երկրների և ձեր հարևան պետությունների համեմատ: Ի գիտություն ենք ընդունում նաև այն կարևոր հանգամանքը, որ գնաճի ցուցանիշն այս պահին ցածր է», ասել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը` նշելով սակայն, որ անելիքները դեռ շատ են:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և տնտեսության զարգացման հեռանկարները:

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեում հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանն ուղղված շարունակական բարեփոխումներին: Մասնավորապես` 2013թ. հունվարի 1-ից ներդրվելու է նոր համակարգ, որի համաձայն տնտեսվարողները պետք է եկամտահարկի բոլոր հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային եղանակով, ինչն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, ֆիզիկական շփումների էական կրճատմանը և ռիսկերի վրա հիմնված վերահսկողությանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Մեկնաբանել