Նորոգումից հետո վերաբացվել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը

Մեկամսյա նորոգումից հետո վերաբացվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 2 դպրոցը. այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Թեև ուսումնական պրոցեսը սեպտեմբերի 1-ից էր մեկնարկել, սակայն հանդիսավոր վերաբացումը կատարվեց դպրոցի 180-ամյա հոբելյանի օրը:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկաներին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հոբելյանի կապակցությամբ և 180 տարվա փորձառություն ունեցող դպրանոցի մանկավարժական կոլեկտիվին Տարոն Մարգարյանի անունից պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրով:

Քաղաքապետի հանձնարարությամբ մինչև ջեռուցման հերթական տարեշրջանը ամբողջությամբ կնորոգվի նաև դպրոցի ջեռուցման համակարգը: Հարկ է նշել, որ դպրոցի եռահարկ շենքը հիմնանորոգվել է «Օգնիր դպրոցիդ»արշավի շրջանակում, շրջանավարտ Գարեգին Նուշիկյանի միջոցներով, ով, դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ, պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի «Պատվո աշակերտ» մեդալով:

Ի դեպ, 180-ամյա այս դպրոցը Երևանի առաջին պետական դպրոցն է և 1925 թվականից կրում է դպրոցի 6-րդ տնօրեն-տեսուչ Խաչատուր Աբովյանի անունը:

Մեկնաբանել