Հունգարիայի հայերը կդիմեն դատարան

Հունգարիայի հայությունը թույլ չի տա մոռացության մատնել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը և մտադիր է դիմել Բուդապեշտի դատարան։ Հունգարահայերը այդ հանցագործին ազատ արձակելու զարհուրելի գործարքի մեջ կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման հանգամանք են տեսնում. այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Հունգարիայի հայկական ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը: Ըստ նրա` առաջիկա օրերին փաթեթը պաշտոնապես կփոխանցվի իրավապահներին։

«Մենք որոշել ենք, որ այդ հարցը էդպես չի մնա։ Բոլորիս համար էլ պարզ է, թե ինչ է տեղի ունեցել։ Հիմա բոլոր փաստաթղթերն ենք հավաքում։ Թեպետ արդեն հայտնի է, որ Հունգարիայի պետական օղակները` արտգործնախարարությունը, արդարադատության նախարարությունը գրավոր զգուշացրել են մեր պրեմիեր-մինիստրին [Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին], որ Սաֆարովի արտահանձնումը շատ վտանգավոր քայլ կլինի», – ասել է Նիկողոս Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ` այդօրինակ նախազգուշացումներ են ստացվել Հայաստանի արտգործնախարարությունից, Հունգարիայում Հայաստանի դեսպանատնից (նստավայրը` Վիեննա)։ «Շատ փաստարկներ են եղել արտահանձնման դեմ, և եթե այդքանից հետո նա [Օրբանը] իր նախարարությունների, Հայաստանի իշխանությունների տեսակետներն անտեսել է, դա նշանակում է, որ ինքն իր պաշտոնից ելնելով է ընդունել որոշումը, – ասել է Հակոբյանը, – մենք ուզում ենք իմանալ, թե որն էր դրդապատճառը»։

Հունգարիայի հայկական ազգային ինքնավարության փոխնախագահի խոսքերով` կառույցը սկսելու է Հունգարիայից և հարկ եղած դեպքում գործը կհասցնի եվրոպական ատյաններ։

«Հունգարական լրատվամիջոցներում կան այդ հարցով մեկնաբանություններ։ Իհարկե, նրանք հիմա ունեն այլ խնդիրներ` տնտեսական ճգնաժամ, եվրոպական ֆինանսական հաստատություններից միջոցներ հայթայթելու անհրաժեշտություն, սակայն չի կարելի ասել, որ Սաֆարովի արտահանձնման թեման մոռացության է մատնված», – նշել է Նիկողոս Հակոբյանը։ Նրա փոխանցմամբ` կան նաև քաղաքական կուսակցություններ, որոնք հետևում են այս գործին։

«Մենք հավաքում ենք նյութերը և [Հունգարիայի հայկական ազգային] ինքնավարության անունից կներկայացնենք դատարան։ Դատարանը պարտավոր է այդ գործով զբաղվել։ Մեր հայցն այս պահին անհայտ անձերի դեմ է, սակայն բոլորը գիտեն, որ որոշումը վարչապետ Վիկտոր Օրբանն է կայացրել», – ընդգծել է նա։

Հունգարիայի հայությունը առաջիկայում խնդիրը քննարկելու է Եվրոպական միության երկրներում գործող հայ համայնքների հետ և հորդորելու է նմանօրինակ հայցերով դիմել տեղական իշխանություններին։

«Օրբան Վիկտորը կլինի այս գործում, թե մեկ ուրիշը` մեր խնդիրը չէ, թող հունգարական դատարանը որոշի։ Բայց մի բան հստակ է. նրանք չեն կարող գործը մերժել, չկա այդպիսի բան, որ ասեն, որ եթե կառավարության դեմ է, ուրեմն ոչ ոք չի զբաղվի»,- ասել է Հունգարիայի հայկական ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը։

Մեկնաբանել