Հայ համայնքի բողոքի ցույցերը` Փարիզում և Մարսելում

Այսօր երեկոյան Փարիզում Ադրբեջանի դեսպանատան մոտ մեկնարկեց հայ համայնքի բողոքի ցույցը: Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը «Հ1» հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ցույցը չի կարող հնչեղություն չստանալ, քանի որ այնտեղ են բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ: «1000-ից ավելի հայորդիներ եկած են հոստեղ դատապարտելու համար Ալիևին այցը, Ալիևն` իբրև դիկտատոր նախագահ, իբրև Արցախը շրջափակման մեջ դնող նախագահ, ցույց տալու, որ Ալիևը անընդունելի նախագահ մըն է: Մենք նպատակ ունենք ցուցցնել Ալիևին ռեժիմը, որ նա պատերազմական հովերով եկած է»,- ասաց նա:

Փափազյանի խոսքով` ցույցի գլխավոր նպատակն է հանրային կարծիքն ուղղորդել` փաստելով, թե ադրբեջանական քաղաքական մշակույթը որքան հեռու է եվրոպական քաղաքակրթությունից:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ բողոքի ցույց է անցկացվել նաև Մարսել քաղաքում: Ֆրանսիայի հայկական եկեղեցիների խորհրդի կազմակերպած բողոքի ակցիային մասնակցել են մոտ 200 մարսելցիներ, քաղաքական և կրոնական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ Հենրի Ժիբրայելը և Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն:

Մասնակիցները վրդովմունք են հայտնել Հունգարիայի կողմից Բաքվին արտահանձնված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ և կոչ են արել Ֆրանսիայի նախագահին անել հնարավոր ամեն բան արդարությունը վերականգնելու համար:

Մեկնաբանել