Հիշել են «շքեղության» մասին

Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք օրենքներ, դեռևս չկիրառված, ենթարկվում են փոփոխությունների։ Կառավարությունը ցանկանում է, որ կենսաթոշակի պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները կուտակային վճարներ կատարեն նաև պայմանագրային եկամուտներից, իսկ ֌2 մլն-ը գերազանցող աշխատավարձերը հարկվեն «շքեղության» հարկով։
«Կուտակային կենսաթոշակների մասին» և «Եկամտային հարկի մասին» օրենքները, դեռևս չկիրառված, ենթարկվում են փոփոխության։

Կառավարությունը երկու այս օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորել է գործնականում օրենքների կիրառման ընթացքում առաջացած հարցերով, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման, կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ընթացքում առաջացած խնդիրներով։ Նշենք, սակայն, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2014թ. հունվարի 1-ից, իսկ «Եկամտային հարկի մասին» օրենքը՝ 2013թ. հունվարի 1-ից։

Փոփոխություններն իրականում անհրաժեշտ են այն պատճառով, որ օրենքներն Ազգային ժողովի կողմից ընդունվել են 2010թ. դեկտեմբերի վերջին և, կարելի է ասել, արագացված ռեժիմով, ինչի հետևանքով օրենսդրական բացերը, հնարավոր խնդիրները չեն էլ քննարկվել։ Կառավարությունն այժմ փորձում է շտկել նախկին բացթողումները և օգոստոսի երկրորդ կեսին Ազգային ժողով է ներկայացրել փոփոխությունների փաթեթ։ Այն թեև ընդգրկված էր սեպտեմբերի 10-13-ի քառօրյայի օրակարգում, այդպես էլ չի քննարկվել։

Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների՝ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները պարտավոր են կուտակային վճարներ կատարել նաև պայմանագրային եկամուտներից (քաղաքացիա-իրավական պայմանագրերի համաձայն աշխատանքների, ծառայությունների դիմաց գործատուից ստացված եկամուտ)։

Փոփոխություններով կառավարությունը ցանկանում է հստակեցնել նաև կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կուտակային վճար կատարելը դադարեցնելու գործընթացը։

Միայն այս օրենքում առաջարկվող փոփոխությունները, ընդհանուր առմամբ, բաղկացած են 40 հոդվածից։ Ե՛վ հոդվածների քանակից, և՛ նրանց բովանդակությունից պարզ է դառնում, որ հավաստիացումները, թե օրենսդրական մակարդակում գրեթե զրոյականի են հասցվել կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի ռիսկերը, հեռու են իրականությանը համապատասխանելուց։ Գործադիրն ըստ էության 2014թ. ներդնելու է մի համակարգ, որում արդեն ի հայտ են գալիս օրենսդրական բացերով պայմանավորված ռիսկեր։

Շքեղության մասին
Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում 2010թ. դեկտեմբերին վերջին Ազգային ժողովն ընդունել է նաև «Եկամտային հարկի մասին» օրենքը, որը ենթադրում է գործատուների հարկային բեռի ավելացում (֌100 հազ. աշխատավարձի դեպքում հարկային բեռն ավելանում է ֌775-ով)։ Ուշագրավ է, որ այս հանգամանքի ի հայտ գալուց հետո կառավարությունը ոչ թե գնում է բեռի վերացման, այլ ընդհակառակը՝ ավելացնում է այն։

Եթե այժմ օրենքը եկամտային հարկի երկու սանդղակ է սահմանում (մինչև ֌120 հազ. աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկը կազմում է 24,4%, ֌120 հազ-ը գերազանցելու դեպքում հավելյալ գումարից գանձվելու է 26%), նոր փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է ևս մեկ՝ երրորդ սանդղակը՝ ֌2 մլն-ից ավելի աշխատավարձ ստացողների եկամտային հարկը պետք է կազմի ֌518 հազ.՝ գումարած հավելյալ գումարի 36%-ը։

Հասկանալի է, որ այս փոփոխությունն ավելի շատ պոպուլիստական է, և անցած տարի կառավարության կողմից ներդրված «շքեղության» հարկի (֌2 մլն-ը գերազանցող աշխատավարձերից գանձվում է ֌392 հազ., գումարած հավելյալ գումարի 25%-ը) տրամաբանական շարունակությունը։ Ամսական ֌2 մլն գրանցված աշխատավարձ ստացողների թիվը Հայաստանում չի գերազանցում 100-ը։

Կառավարությունը ցանկանում է ավելացնել նաև 2013թ. առաջին եռամսյակի համար եկամտային հարկի կանխավճարները ծավալը։ Այսպես՝ ներկայում օրենքով ամրագրված է, որ կանխավճարը հաշվարկվում է 2012թ. եկամտահարկի գումարի մեկ վեցերորդի չափով (16,67%)։ Փոփոխություններով կառավարությունը ցանկանում է այն բարձրացնել մինչև 18,75%։

«Եկամտային հարկի մասին» օրենքում կառավարությունն առաջարկում է խստացնել չգրանցված աշխատակիցների հայտնաբերման դեպքում վարձու աշխատողի համար վճարվելիք եկամտային հարկի չափը։ Ներկայում, անկախ հայտնաբերված չգրանցված աշխատակիցների քանակից, նրանցից յուրաքանչյուրի համար պետք է վճարվի ֌60 հազ. եկամտային հարկ։ Փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է խստացնել պատժամիջոցը։ 4-6 չգրանցված աշխատակից հայտնաբերելու դեպքում գանձվելու է ֌150 հազ., 9-ը գերազանցելու դեպքում՝ ֌600 հազ.։

Մեկնաբանել