Ռիսկերն ընդլայնում են աշխարհագրությունը

Գլոբալ ֆինանսական ճգնաժամի նոր ալիքը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Իրադրությունը բարդանում է Արևմտյան Եվրոպայի հետ տնտեսական և ֆինանսական ամուր կապերի պատճառով: Այսպիսի եզրակացություն է պարունակում միջազգային աուդիտորական PricewaterhouseCoopers (PwC) ընկերության զեկույցը:

Համաձայն PwC-ի մասնագետների՝ ռեցեսիայի մեխանիզմների գործարկումը՝ եվրոգոտու ֆինանսական անկայունությանը զուգահեռ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար երկու հիմնական ռիսկեր է պարունակում։

Առաջին՝ ինչպես և զարգացող մյուս երկրները, այս տարածաշրջանը նույնպես կարող է դառնալ համաշխարհային ֆինանսական խուճապի և հաջորդող՝ «անվտանգ գոտիներ փախուստի» զոհ:

Երկրորդ՝ վտանգի մյուս աղբյուրը արևմտաեվրոպական տնտեսությունների հետ ամուր կապերն են ու կախվածությունը եվրոյի ճակատագրից:

Նոր սպառնալիքներին դիմակայելու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ունակությունը կախված է յուրաքանչյուր պետության տնտեսության թույլ կամ ուժեղ կողմերից։ Կարևոր է նաև, թե որքանով է բաց այս կամ այն երկրի տնտեսությունը առևտրի համար և որքանով է կախված Հարավային Եվրոպա արտահանումից:

PwC-ի մասնագետները նշում են, որ խնայողությունների համեմատաբար ցածր մակարդակը, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրներում ներդրումների մեծ պահանջարկը օտարերկրյա գործընկերների նկատմամբ մասնավոր պարտքի կուտակման պատճառ են դարձել։

Ըստ PwC-ի՝ տարածաշրջանի երկրներից ճգնաժամի նկատմամբ ամենախոցելին Լատվիան է, որին հաջորդում են Սլովենիան, Հունագարիան և Բելառուսը: Ռիսկերը բավական լուրջ են Բուլղարիայում, Սերբիայում և Ուկրաինայում։ Ծայրահեղ զգուշավորության է անհրաժեշտ դրսևորել Լիտվայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Ռումինիայի, Էստոնիայի և Լեհաստանի, ավելի քիչ՝ Չեխիայի դեպքում։

Իրավիճակը Ռուսաստանում համեմատաբար կայուն է՝ պայմանավորված է մակրոտնտեսական քաղաքականությունում մանևրելու լայն հնարավորություններով։

Մեկնաբանել