Չէ՞ որ մենք հայկական լադ ենք ունեցել, ո՞ւր է այն

Կոմպոզիտոր-երգահան Աշոտ Խաչատրյանի անունն այնքան էլ հայտնի չէ մեր երաժշտասեր հանրությանը, թեև նրա հեղինակած երգերը հաճախ են հնչում եթերում։ Դրանք աչքի են ընկնում իրենց նուրբ մեղեդայնությամբ և խոսքի ու երաժշտության ներդաշն հյուսվածքով։ Արդեն երկու տասնամյակ է, ինչ Աշոտն իր տիկնոջ՝ օպերային երգչուհի Սիրանուշ Ադիյանի հետ ապրում ու ստեղծագործում է Ավստրալիայում՝ չկտրվելով, սակայն, հայրենիքից։ «Օրակարգը» Աշոտ Խաչատրյանի հետ զրուցել է 80-ականների ու մերօրյա հայկական երգարվեստի մասին։

-Աշոտ, գոնե իմ սերունդը լավ է հիշում 80-ականներին «Հեղինակային երգ» հաղորդաշարով հնչող Ձեր երգերը։ Երբվանի՞ց եք սկսել ստեղծագործել։

-Երգեր սկսել եմ գրել 7-8 տարեկանից: Մեր տան մթնոլորտը երաժշտական էր: Ծնունդով գյումրեցի հայրս լավ երգ շատ էր սիրում, իսկ ավագ եղբայրս արհեստավարժ ակորդեոնիստ ու ֆլեյտահար էր։ Բանակից վերադառնալուց հետո ընդունվեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարության բաժին՝ երգչախմբային դիրիժոր մասնագիտությամբ: Առաջին երգս, որը բեմից հնչեց Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ, 1973թ. էր: Դրանից հետո հինգ տասնյակից ավելի երգեր եմ գրել, որոնց շարքում՝ «Որքան կուզեմ», «Մի՞թե չես գա»։ Միգուցե հիշեք նաև հայկական հեռուստատեսությամբ պարբերաբար հեռարձակվող մեկ այլ հաղորդաշար՝ «Հայ երգանի», որը վարում էր Սուսաննա Շահինյանը: Ես ու կինս հնչեցնում էինք, մեզանում այսպես կոչված, մոռացված երգերը։

-Ե՞րբ տեղափոխվեցիք Ավստրալիա։

-1989թ. էր: Ազգականներ ունեինք այդ հեռավոր երկրում: Մեկնեցինք Սիդնեյ, որտեղ միանգամից բազմաթիվ հրավերներ ստացանք տեղի հայկական կազմակերպություններից: Շատ արագ ճանաչելի արվեստագետներ դարձանք հայ համայնքում: Սիդնեյում ստեղծեցի «Երևան» նվագախումբը, որի կազմում երաժիշտներ կային թե՛ Հայաստանից, թե՛ Իրանից։ Չթաքցնեմ՝ մեր նվագախմբով հաճախ էինք մասնակցում նաև ընտանեկան զանազան հավաքույթների՝ ստեղծելով հայկական երաժշտական միջավայր:

-Մշակութային առումով՝ ի՞նչ վիճակում է ավստրալահայ գաղութը։

-Հայերը հոծ բնակություն են հաստատել Սիդնեյին մերձակա Ռայդ և Վուլուբի արվարձաններում: Տարբեր երկրներից են նրանք ներգաղթել այդ աշխարհամաս: Վերջին տարիներին շատերն են գալիս Հայաստանից՝ հայրենիքում սիրված երգիչ Էդուարդ Դարբինյանը, քանոնահարուհի Վարդուհի Լեփեջյանը, շատ ու շատ ուրիշներ: Ունենք թատերական ու պարային խմբեր: Ակտիվ է հատկապես Dance Academy պարախումբը՝ ղեկավարությամբ Հարմիկ Հակոբյանի: Ճիշտ է, պահ եղավ, երբ դանդաղել էր մեր ազգային մշակութային կյանքի տրոփյունը: Այժմ ջանքեր ենք գործադրում այն աշխուժացնելու ուղղությամբ. արվեստագետներ ենք հրավիրում Հայաստանից, ԱՄՆ-ից։

-Ի՞նչ առիթով էիք այս անգամ եկել հայրենիք։

-Եկել էի մասնակցելու «Իմ Հայաստան» փառատոնին, սակայն երկար մնացի: Ուզում եմ նոր ձայնագրություններ անել և զբաղվել երգերիս հեղինակային իրավունքի հարցով:

-Վստահ եմ, որ ծանոթ եք մերօրյա հայկական երգարվեստին։ Ի՞նչ կարծիքի եք։

-Ես ընդհանրապես գրագետ երգերի սիրահար եմ: Իմ սիրելի կոմպոզիտորներն են Առնո Բաբաջանյանը, Արտեմի Այվազյանը և Ռոբերտ Ամիրխանյանը: Փորձում եմ հետևել նրանց, սակայն առանց կրկնօրինակելու: Այսօր դրությունն այլ է: Իմ համոզմամբ՝ մինչև չվերանա պակիստանա-հնդկական ու արաբա-թուրքական ուղղությունը հայկական երգերի մեջ, ոչ մի բան չի փոխվի: Ես լճացում եմ տեսնում այս ոլորտում. գրեթե նույն մեղեդիներն են հնչում, նույն կլկլոցը: Չէ՞ որ մենք հայկական լադ ենք ունեցել, ո՞ւր է այն: Նախկինում ամեն երգ պատմություն էր Հայաստանի մասին։ Հիմա, ցավոք, այդպես չէ;

-Երկար ժամանակ չէիք եղել Երևանում, ի՞նչ փոփոխություններ նկատեցիք։

-Ծաղիկներն են շատացել։ Արտաքուստ, իհարկե, գեղեցկացել են նաև շենքերը: Սակայն այսօրվա երգերի նման դրանք էլ, կարծես, կրկնում են մեկը մյուսին: Այդուհանդերձ, մտածում եմ վերադառնալու մասին…

Զրուցեց Լևոն Լաճիկյանը

Մեկնաբանել