Աչքը շինելու փոխարեն…

ՌԴ Կենտրոնական բանկի կողմից ռուսական բանկերի վերաֆինանսավորման ծավալների մեծացումը վնասում է վերջիններիս։ Այսպիսի եզրակացություն է պարունակում Moody’s միջազգային վարկանշային գործակալության փորձագետների ուսումնասիրությունը։

Կենտրոնական բանկի ֆինանսավորումից ռուսական բանկերի կախվածության մեծացումը խթանում է ակտիվների չարդարացված ռիսկը՝ սպառնալով իրացվելիության խնդիրներով, երբ աջակցությունը դադարեցվի։ «Բանկերը ԿԲ տրամադրած կարճաժամկետ վարկերը օգտագործում են երկարաժամկետները վերաֆինանսավորելու համար՝ ավելացնելով ակտիվների միջև դիսբալանսը՝ դրանց հարաբերակցությունն օպտիմալացնելու փոխարեն»,– կարծում են գործակալության փորձագետները։

Moody’s-ի գնահատմամբ՝ ներկայում Կենտրոնական բանկում գրավադրված է ռուսական բանկերի իրացվելի ակտիվների շուրջ 60%-ը: Փորձագետների կարծիքով՝ ԿԲ-ին փոխանցելով ավելի մեծ ծավալով իրացվելի ակտիվներ՝ ռուսական բանկերը փոքրացնում են մանևրելու հնարավորությունը: Ավելին՝ սթրեսային սցենարների դեպքում բանկերի համար ավելի բարդ է լինելու կապիտալ ներգրավել այլընտրանքային աղբյուրներից։ Արդյունքում նրանք հարկադրված կլինեն օգտվել միայն մեկ աղբյուրից՝ վարկավորման միջբանկային շուկայից։

Ռուսական բանկերը ԿԲվարկավորման մասնաբաժինն ակտիվորեն ընդլայնում են 2011թ. նոյեմբերից։ 2012թ. օգոստոսին այն կազմել է արդեն 5,8%՝ 2011թ. 2%-ի համեմատ: Ըստ Moody’s-ի՝ եթե ԿԲ-ն շարունակի մեծացնել վերաֆինանսավորման ծավալները, ապա կարգավորիչի կողմից ռուսական բանկերի վարկավորման մասնաբաժինը 5,8%-ից կավելանա մինչև 10%, ինչը մոտ է 2009թ. իրացվելիության ճգնաժամի պիկում արձանագրված 12,1% ցուցանիշին:

Ըստ Standard&Poor’s միջազգային վարկանշային գործակալության՝ Ռուսաստանի տնտեսական մոդելը ենթադրում է բանկերի կապիտալում պետության զգալի մասնակցություն։ «Բանկերը այլընտրանքային աղբյուրներ փնտրելու անհրաժեշտություն չունեն. կաջակցի կառավարությունը»,– նշում են Standard&Poor’s-ում։

Մեկնաբանել