Իսլամ դավանող «աղջիկը»

Թուրք գրող Իլհան Սելչուկի մոր՝ Հիքմեթ Քասըմի հայկական ծագման բացահայտումը Հասան Ջեմալի «1915 թվական. Հայոց ցեղասպանություն» գրքում քննարկումների տեղիք է տվել թուրքական մամուլում։ Թեմային անդրադարձել է նաև թուրքական Zaman-ը։ Ահմեդ Թուրան Ալքանի հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Հասան Ջեմալի՝ «1915 թվական. Հայոց ցեղասպանություն» խորագրով վերջերս լույս տեսած գիրքը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում. այն մեղադրում է գրող Իլհան Սելչուկի մորը՝ Հիքմեթ Քասըմին, հայկական ծագում ունենալու մեջ:

Ես դեռևս չեմ կարդացել գիրքը, սակայն դրա խորագիրն ինձ հիշեցնում է հին գերմանական ձեռքի նռնակ, երբ չգիտես՝ կպա՞յթի այն, թե՞ ոչ՝ փականը քաշելուց հետո: Այսօր այդ «նռնակը» շշմեցուցիչ ազդեցություն է ունեցել, կարծես լուսարձակը լույս է սփռել մեզանում ապրող մի կնոջ ազգային ինքնության վրա, որը ողբերգական իրադարձությունները վերապրելուց հետո հրաժեշտ է տվել իր կյանքին:
Սա խնդիր է, որն արժանի է ուշադրության։

Ցեղասպանությունը մեզ համար ծանր հասկացություն է, բայց եկեք ընդունենք, որ 1915թ. դեպքերը պաշտպանողական բնույթ չեն կրել։ «Անզեն աչքով երևացող գյուղ հասնելու համար ուղեկցորդի կարիք չկա»։ Խնդիրը, որը մենք փորձում ենք «ծածկել պատմության մոխրով», վճռականորեն վկայակոչելով պատմաբաններին, մի քանի տարի անց կրկին կհայտնվի օրակարգում, սակայն ավելի խոշոր ու ճակատագրական չափերով ու միջազգային հնչեղություն ձեռք բերած։ Այդժամ մենք թերևս կրկին կփորձենք մեղքը բարդել բոլորի, բայց ոչ ինքներս մեզ վրա, ու կթաքնվենք այս մեծ ողբերգությունը կրելու պատասխանատվությունից: Որդեգրելով «Օրը կբացվի՝ հացն էլ հետը» մոտեցումը՝ մենք կարող ենք խուսափել այդ օրվա իրադարձություններից, սակայն արդեն այսօր կանխորոշված է, որ մենք առերեսվելու ենք միջազգային ծանր ճնշումների։

Մենք պարտավոր ենք իմանալ 1915թ. իրադարձությունների մասին և ճշմարտությանը պարզ ճակատով նայել։ Պաշտոնական տեսակետը, բացի հստակ քարոզչությունից, իրական հիմքեր չունի։ Միջազգային հանրությունը տեղի ունեցածի մեր մեկնաբանությունը անարդարացի է համարում: Մենք հասկանում ենք, որ մեզ սիրողները քիչ են, բայց միթե կասկածի ինչ-որ նշույլ չկա, որը կարող էր մեզ հուշել, թե մի շարք երկրների խորհրդարաններում ընդունված որոշումներում դատապարտելի ինչ-որ բան կա։

Պաշտոնական փաստերի և մեր իմացածի միջև տարբերությունը թուրքական պատմագրության երևի թե եզակի օրինակ է. կարելի է թվարկել «ուրիշ պատմություն» խորագրով հարյուրավոր գրքեր ու հոդվածներ, որոնք արձագանք են գտել հասարակության մեջ:

Անկախ «թող մոլորեցնող պատմությունն ամաչի» ձևակերպմանը՝ այն, ինչ գրված է հենց այսպիսի աշխատություններում, մենք ընկալում ենք որպես բացարձակ ճշմարտություն: Բացառություն են 1915թ. դեպքերը: Այս չարագործության մասին խոսելիս զանազան արդարացումներ գտնելու մեր փորձերը, ինչպես օրինակ՝ «Այն պահին, երբ մենք այդքան թույլ ու անզոր էինք, մեզ դավադրաբար հարվածեցին», ըստ էության վկայում են հենց թուլության մասին։

Իլհան Սելչուկը մինչև կյանքի վերջը թաքցրել է մոր ազգային ինքնությունը: Իսկ ի՞նչ էր նրան մնում անել: Սելչուկի եղբայրները հայտնի քաղաքական գործիչներ էին, և այն, որ իրենց մայրը հայկական ծագումով որբ էր, լուրջ սպառնալիք էր նրանց կարիերայի համար (չնայած կապի բացակայությանը) և կարող էր վնաս հասցնել նրանց քաղաքական հայացքներին: «Հայ», «հույն» և «գնչու» բառերը, այս մասին ցավով ու ամոթով եմ գրում, նույնիսկ այսօր են հնչում որպես վիրավորանք: Սակայն անհրաժեշտ է հիշել գլխավորը՝ Հիքմեթ Քասըմի հետ տեղի ունեցածը եզակի դժբախտ դեպք չէ, ընդհակառակը՝ կան հազարավոր նման օրինակներ: Եթե միայն երեխաներն ու չափահասները 1915թ. կամավոր իսլամական ինքնությունը նախընտրեին… Բոլորս գիտենք, որ դա տեղի չի ունեցել, և նրանց ստիպել են փոխել ինքնությունը, այլապես նրանք շանս չէին ունենա։

Մեկ ակնթարթում ստիպել մեզանից որևէ մեկին փոխել կրոնն ու ազգային պատկանելությունը. սա փաստ է, որը հպարտանալու տեղ չի տալիս։

Խնդիրը, որն անհրաժեշտ է այժմ քննարկել, հետևյալն է՝ բացահայտե՞լ, թե՞ ոչ մինչ այս պահը թաքցված ինքնությունները: Այսպիսի տեղեկություններ հրապարակելը կամ գաղտնի պահելը տվյալ մարդու կամ ընտանիքի որոշումն է, և յուրաքանչյուր ոք պետք է հարգանքով վերաբերվի այդ ընտրությանը: Այս առումով Հասան Ջեմալի կարծիքը, ըստ իս, անարդարացի է:

Մեկնաբանել