Մեկնարկել է «Փոխգործակցություն-2012»-ի եզրափակիչ փուլը

Սեպտեմբերի 19-ի առավոտյան Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն–2012» զորավարժությունների եզրափակիչ փուլը:

Զորավարժությունների ընթացքին հետևում են նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Անատոլի Սերդյուկովը, միջազգային կազմակերպությունների դիտորդներ, բազմաթիվ հյուրեր, լրագրողներ:

Գլխավոր փորձի ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակ և փոխհամաձայնեցված փորձարկել են զորավարժության սցենարը: Արդյունքները գոհացուցիչ էին, և զորախմբերը գնահատվել են որպես պատրաստ միացյալ ուժերով «Փոխգործակցություն-2012» զորավարժության վճռական փուլին մասնակցելու համար:

Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ 6 երկրների ուժային կառույցների 2 հազար մասնակից:  Զորավարժություններին առաջին անգամ մասնակցում են Կարմիր Խաչի միջազգային  կոմիտեի ներկայացուցիչները: Առաջին անգամ զորավարժություններում կկիրառվեն նաև անօդաչու թռչող սարքեր:

Նշենք, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Տաջիկստանը: