Հրայր Թովմասյանը մեկնել է Մինսկ

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը Բելառուսի արդարադատության նախարարի հրավերով սեպտեմբերի 19-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել են Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱզԷս) անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ և Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 7-րդ նստաշրջաններին, հաղորդում են արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:

Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ փորձագետների հետ, որոնց նպատակն է ԵվրԱզԷս անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի և ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 7-րդ նստաշրջանի փաստաթղթերի նախապատրաստումը: Մինսկում Հրայր Թովմասյանն ու Արամ Օրբելյանը կծանոթանան նաև Բելառուսի արդարադատության հաստատությունների գործունեությանը: Նախանշված է նաև «Հայաստանի և Բելառուսի արդարադատության նախարարությունների միջև դատական փորձաքննությունների բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրի ստորագրում: