Սաուդյան Արաբիան սիրիացիներին հաջի չի թողնի

Սաուդյան Արաբիան այս տարի արգելել է Սիրիայի քաղաքացիների մուտքը իր երկիր ամենամյա հաջ (ուխտագնացություն) կատարելու համար, հաղորդում է France 24-ը՝ վկայակոչելով սիրիական պետական լրատվամիջոցները։

«Սիրիայի՝ հաջի կազմակերպման հարցերով բարձրագույն հանձնաժողովը հայտարարել է, որ այս տարի ուխտագնացություն կատարելն անհնարին է՝ պայմանավորված Սաուդյան Արաբիայի կառավարության հետ անհրաժեշտ համաձայնագրերի բացակայությամբ»,- ասված է Սիրիայի պետական հեռուստատեսությամբ տարածված հայտարարությունում։ Ռիադը հրաժարվել է ստորագրել Սիրիայի քաղաքացիների ընդունման մասին ամենամյա համաձայնագիրը։

Եթե Ռիադը հաստատի այս տեղեկատվությունը, սա կդառնա աննախադեպ քայլ երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ։ Ռիադի որոշումը կդառնա արաբական երկու ազգերի սահմանազատման նոր ուղենիշ։ Նշենք, որ Սաուդյան Արաբիան բացահայտ դեմ է հանդես գալիս Բաշար ալ Ասադի վարչակարգին․ թագավորության պաշտոնական դիրքորոշումը հանգում է նրան, որ Սիրիայի նախագահը պարտավոր է թողնել իր պաշտոնը։

Ուխտագնացությունը դեպի Սաուդյան Արաբիայի տարածքում՝ Մեքքայում գտնվող սրբավայրեր իսլամի հինգ հիմնասյուներից մեկն է, և յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ կատարել հաջ։