Հայ երգի «ոսկե» մասնակցությունը World folk 2012-ին

Oգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը Բուլղարիայում կայացած World folk 2012 Ֆոլկլորի աշխարհի առաջնությանը  Հայաստանը ներկայացրել է Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան, տենոր Կարեն Զոհրաբյանը: Նա արժանացել է ոսկե մեդալի, ինչպես նաև   «Ոսկե Օրփեոս» մրցանակի և դիպլոմների` «Հաջող ելույթի» և «Բարձր արտիստիզմի» համար:  

Առաջին փուլում Կարեն Զոհրաբյանը դաշնակահար Աննա Խաչատուրյանի նվագակցությամբ կատարել է «Առանց Մասիս», «Էրեբունի-Երևան» և «Ուռին» երգերը, իսկ երկրորդ փուլում` «Սիրո ամառ», «Հայաստան» և «Ծիրանավառ գիշերներ» ստեղծագործությունները:

World folk ֆոլկլորի համաշխարհային մրցույթն այս տարի երկրորդ անգամ էր անցկացվում: Այն ներառել է տարբեր միջոցառումներ` նվիրված ազգային երգին, պարին և անսամբլային արվեստին: Կուրորտային Բուրգաս այս տարի մոտ 100 մասնակից է այցելել: «Այս մրցույթի հիմնական նպատակն ազգային արվեստի քարոզումն էր, և մենք հպարտ ենք, որ կարողացանք ըստ արժանվույն ներկայացնել հայ երգը»,-ասել է Կարեն Զոհրաբյանը: