Սեպտեմբերի 17-ին՝ մեծանուն դուդուկահար Վաչե Հովսեփյանի ծննդյան օրը, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դահլիճում կայացավ նրան նվիրված համերգ:
Համերգի ընթացքում հնչեցին դուդուկահարի արվեստն արժևորող ելույթներ:
Հայկական և օտարազգի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան հայաստանցի և «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած դուդուկահարները: Հայկական ծիրանափողը հնչեց Ուրուգվայից, Պորտուգալիայից և Կուբայից ժամանած երաժիշտների՝ այլ երաժշտական գործիքների նվագակցությամբ:
Վաչե Հովսեփյանը ծնվել է 1925-ին: Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1945-ից եղել է Հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների համույթի մենակատար։ Երաժշտի երկացանկն ընդգրկել է հայկական ժողովրդական և գուսանական մեղեդիներ: Վաչե Հովսեփյանը գրել է պարեղանակներ, երգեր, այդ թվում՝ «Վերադարձիր» (խոսք՝ Վ․Տերյանի), «Իրիկնաժամին» (խոսք՝ Ս․Կապուտիկյանի), «Երեքնուկ» (խոսք՝ Պ․Սևակի)։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստը հեռացել է կյանքից 1978-ին: