«Արմենալ»-ում վեց ամսում մշակվել է $80 հազ. տնտեսական արդյունավետությամբ 22 նախագիծ

Երևանի փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանում 2012թ. 1-ին կիսամյակում մշակվել է արտադրական 22 նախագիծ` շուրջ $80 հազ. ակնկալվող ընդհանուր տնտեսական արդյունավետությամբ: Առավել նշանակալիների թվում են` սառեցնող քսահեղուկի զտման ցիկլերի կրճատման, խնայողական օգտագործման, փայլաթիթեղի հատման մեքենայի պարապուրդների նվազեցման և այլ նախագծերը, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

«Արմենալ»-ն էապես բարձրացրել է «Ռուսալ»-ի արտադրական համակարգի ներդրման արդյունավետությունը: 2012թ. 1-ին կիսամյակում գործարանի աշխատակիցներն առաջարկել են 210 կայզեն` կատարելագործումներ աշխատատեղերում, որոնք կարող են իրականացվել առանց ֆինանսական ներդրումների` բացառապես ներքին պահուստների հաշվին: 2011թ. տարեկան արդյունքներով այս ցուցանիշը կազմել էր 360 կայզեն:

«Արմենալ»-ի տեխնիկական մասնագետների և բանվորների ակտիվությունն արժանացել է «Ռուսալ»-ի արտադրության զարգացման գծով տնօրենի` Դմիտրի Բոնդարենկոյի բարձր գնահատականին: «Երևում է, որ գործարանը զարգանում է, իսկ ամենակարևորը`մարդիկ են զարգանում: Մեզ մոտ մեծ է պահեստային ներուժը, բայց եթե մարդիկ անձամբ շահագրգիռ չլինեին դրա բացահայտմամբ, ապա միայն ուսուցմամբ մենք չէինք հասնի նման արդյունքների»,- ասել է Բոնդարենկոն:

Նշենք, որ «Ռուսալ»-ի արտադրական համակարգի հայեցակարգը հիմնված է Ճապոնիայի ավտոմեքենաշինական ձեռնարկություններում մշակված սկզբունքների վրա, որ հետագայում հաջողությամբ կիրառվել է աշխարհի խոշորագույն ընկերություններում: