Ստրկամիտ Հայաստան

Երեկվա լրահոսում հետաքրքիր ձևակերպումների կարելի էր հանդիպել, ասենք՝ «Կենսաթոշակների գործով յոթ անձ կալանավորվել է, իսկ մեկի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում», «Գյուղնախարարը քննարկել է Սերժ Սարգսյանի տված հանձնարարականները», «Հրանուշ Հակոբյանը հավաստիացրեց, որ սիրիահայերին վերաբերող հարցերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ՀՀ բոլոր գերատեսչությունների և հատկապես ՀՀ սփյուռքի նախարարության անմիջական հետևողականության առանցքում են» կամ «Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն անդրադարձել է Քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից անցկացվող մրցույթների բաց, թափանցիկ կազմակերպման անհրաժեշտությանը»:

Սերժ Սարգսյանի՝ կառավարությունում անցկացրած շաբաթօրյա խորհրդակցությունից հետո պետական տարբեր կառույցների ու գերատեսչությունների աշխատանքի այս շոուն անշուշտ խոսում է պետության համակարգային արատի մասին և մի շարք հարցերի տեղիք տալիս:

Ասենք՝ ինչո՞ւ է դատախազությունը հարկ համարում հիշեցնել կենսաթոշակների կալանավորվածների թվի մասին, ինչո՞ւ նախագահի ելույթից հետո է սփյուռքի նախարարը տեղից շարժվում սիրիահայերի համար ինչ-որ բան անելու կամ դա ձևացնելու, ինչո՞ւ գյուղնախարարը և քաղաքաշինության նախարարը պետք է բացարձակապես նույն ձևակերպմամբ («թերացումների դեպքում այլևս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չի լինելու») են հիշում, որ գնումների գործընթացը պետք է բաց ու թափանցիկ լինի:

Ինչուների շարքը շատ երկար է, իսկ պատասխանը կարճ՝ արատների կենտրոնում ո՛չ վարչապետն է, ո՛չ նախարարները, ո՛չ էլ ուրիշ պաշտոնյա. կենտրոնում առաջին հերթին ինքը՝ նախագահն է, որը, իր շուրջը ստրկամիտների նման բազմություն հավաքելով, պետական համակարգին ըստ էության զրկել է արդյունավետ աշխատելու, պետք եղած ժամանակ նաև հենց իրեն հակադրվելու կարողությունից (ինչը կբխեր իր իսկ շահից):

Հասկանալի չէ, թե այդ ինչ խորհրդատուներ են հայտնվել Հայաստանի նախագահի կողքին, որոնք նրան հորդորում են սեփական վարկանիշը բարձրացնել ուրիշների, թեկուզ յուրայինների վարկանիշը գցելու հաշվին:

Վերջին մի քանի օրվա շոուն ցուց է տալիս, որ Սերժ Սարգսյանը առնվազն չի կարողացել ստեղծել արդյունավետ և ինքնուրույն գործող պետական համակարգ: