Վրացի նախարարը հրաժարական է տվել դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունքի պատճառով

Վրաստանի պատիժների իրականացման, պրոբացիայի և իրավաբանական աջակցության նախարար Խատունա Կալմախելիձեն հրաժարական է ներկայացրել՝ պայմանավորված Թբիլիսի Գլդանսկի բանտում դատապարտյալների նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունքի փաստով, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:  
«Ես ընդունել եմ այս որոշումը, քանի որ հասարակության առջև ինձ պատասխանատու եմ զգում բանտում կատարվածի համար», -գրել է նախարարը ֆեյսբուքյան իր էջում:

Նախօրեին վրացական մի շարք ալիքներով տեսանյութեր էին տարածվել, որոնք դատապարտյալների՝ բանտի աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարակվելու և բռնաբարության կադրեր էին պարունակում:

Ավելի վաղ նման պահանջով հանդես էր եկել  Վրաստանի ժողովրդական պաշտպան Գեորգի Տուգուշին: «Կարծում եմ՝ պետք է դրվի Կալմախելիձեի քաղաքական պատասխանատվության, ինչպես նաև այն անձանց քրեական պատասխանատվության հարցը, որոնք երևացել են հեռուտաեթերով ցուցադրված կադրերում»- ասել է օմբուդսմենը: Նա դատախազությունից պահանջել է պարզել այս անձնաց ինքնությունը՝ հիշեցնելով, որ ինքը ավելի վաղ ևս փորձել է իշխանությունների ուշադրությունը բևեռել բանտում առկա խնդիրների նկատմամբ: