Ֆրանսիական պարբերականը Մուհամադ մարգարեի ծաղրանկարներ է հրապարակել

Ֆրանսիական Charlie Hebdo սատիրիկ պարբերականն իր համարում (որը կրպակներում կհայտնվի այսօր) Մուհամադ մարգարեի ծաղրանակարներ է հրապարակել, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Համաձայն մամուլի տեղեկությունների՝  Charlie Hebdo-ի վերջին համարի շապիկին պատկերված է մուսուլման՝ հաշմանդամի սայլակում․ մուսուլմանին ուղեկցում է  օրթոդոքս հրեա։ Ընդ որում՝ հաշմանդամն ասում է․ «Ծիծաղելի ոչինչ չկա»։ Նկարը վերնագրված է «Անձեռնմխելիները 2» և ռեժիսորներ Էրիկ Տոլեդոյի ու Օլիվիե Նակաշի «Անձեռնմխելիները» ֆիլմի (որը հաշմանդամ արիստոկրատի և նրա սևամորթ օգնականի մասին է) անմիջական ծաղրապատկերն է։

Մուհամադ մարգարեի ծաղրանկարները համարի ներսում են և վերջին էջին․ ըստ լրագրողների՝ դրանցից մի քանիսում Մուհամադ մարգարեն մերկ է պատկերված։ Պարբերականի կայքում նշված է, որ ծաղրանկարները «Արմատականություն» բաժնում են՝ խորագրի ներքո, որը բառացի թարգմանվում է որպես «Մուհամադը ֆիլմ է նկարում»։ Փոխաբերական իմաստով տվյալ արտահայտությունը նշանակում է՝ «Մուհամադը կրկես է սարքել»։

Charlie Hebdo-ի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեն (որը հանդես է գալիս Շարբ կեղծանվամբ) ֆրանսիական iTele հեռուստաալիքի եթերում հեգնանքով հայտարարել է, որ ծաղրանկարները «կցնցեն նրանց, ովքեր կցանկանան ցնցվել՝ կարդալով թերթ, որը նրանք երբեք չեն կարդում»։ Լրագրողի կարծիքով՝ ծայրահեղականներն օգտագործում են այդպիսի նկարները, քանի որ նրանց պետք է ինչ-որ բան օգտագործել։

«Եթե հեռացնես Մուհամադի նկարները, քանի որ դա ինչ-որ մեկին ցնցում է, հետո էլ կարգելեն պատկերել մարդկանց, կենդանիներին, մեզ պատկերելու ոչինչ չի մնա, մենք կթողարկենք 16 դատարկ էջ ունեցող թերթ»,- ասել է Շարբան։

Մուհամադ մարգարեի ծաղրանկաների հրապարակման մասին լուրը մտահոգել է Ֆրանսիայի կառավարությանը։ Երկրի վարչապետ Ժան Մարկ Էրոն նախօրեին հրապարակել է կոմյունիկե՝ հայտարարելով (չհիշատակելով Charlie Hebdo պարբերականը), որ «ներկայիս համատեքստում քննադատում է ցանկացած չարաշահում» և բոլորին «խոհեմության ու պատասխանատվության» կոչ է արել։

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն իր հերթին դեմ է հանդես եկել «ցանկացած սադրանքի»՝ միաժամանակ հիշեցնելով Ֆրանսիայում խոսքի ազատության գոյության մասին։

Ակնկալվում է, որ ծաղրանկաներն էլ ավելի կսրեն ԱՄՆ-ում նկարահանված «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմով պայմանավորված լարված իրադրությունը աշխարհում։ Առայժմ հուզումները չեն դադարում Եգիպտոսում, Եմենում, Լիբանանում, Լիբիայում, Սուդանում, Թունիսում․  արդեն զոհվել են հարյուրավոր մարդիկ։ Լիբիական Բենղազի քաղաքում իսլամիստների՝ ամերիկյան հյուպատոսության վրա իրականացրած հարձակման հետևանքով զոհվել էր Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը և ևս երեք ամերիկացի։