Հրապարակվել է աշխարհի ամենաազատ տնտեսությունների վարկանիշը. Հայաստանը 35-րդն է

Հոնգ Կոնգը գլխավորում է ԱՄՆ Կատոնի համալսարանի՝ աշխարհի երկրների տնտեսական ազատության թվով 16-րդ վարկանիշը՝ Economic Freedom of the World 2012-ը: Հոնգ Կոնգին հաջորդում է Սինգապուրը, այնուհետև՝ Նոր Զելանդիան: 4-րդ հորիզոնականում Շվեյցարիան է: Հնգյակը եզրափակում է Ավստրալիան: Ուսումնասիրության հիմքերում կանգնած է Չիկագոյի տնտեսական դպրոցի հիմնադիր Միլթոն Ֆրիդմանը։ Ուսումնասիրության տվյալներն արտացոլում են իրավիճակը 2010թ. դրությամբ։

144 երկրների ցանկը եզրափակում են Անգոլան, Կոնգոն, Զիմբաբվեն, Մյանմարը և Վենեսուելան: Հայաստանը վարկանիշում 35-րդն է, Վրաստանը՝ 42-րդը, Ադրբեջանը՝ 116-րդը։ Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը, համեմատ նախորդ զեկույցի (2009թ.), նվազել է երեք կետով։ Այդուհանդերձ, Հայաստանը ներառված է տնտեսապես առավել ազատ երկրների խմբում։

Ըստ զեկույցի հեղինակների՝ անշեղորեն նվազում է ԱՄՆ տնտեսական ազատության մակարդակը։ 2000թ. ԱՄՆ-ը՝ ըստ տնտեսական ազատության ցուցիչի, աշխարհում 2-րդն է եղել, 2005թ.՝ 8-րդը և 2010թ.՝ արդեն 18-րդը։ Ուշագրավ է, որ Էստոնիան ավելի բարձր՝ 14-րդ հորիզոնականում է, քան ԱՄՆ-ը:

Զեկույցի հեղինակները նշում են, որ ԱՄՆ-ում անկում է արձանագրվում գրեթե բոլոր, այդ թվում՝ տնտեսության մեջ պետության մասնակցության, իրավական համակարգի հուսալիության և մասնավոր սեփականության պաշտպանության, արտաքին առևտրի ազատության և շուկաների, բիզնեսի պետական կարգավորման ենթացուցիչներով: Միակ բացառությունը ողջամիտ դրամավարկային քաղաքականությունն է ու «ամուր փողերի» նկատմամբ մատչումը։

ԱՄՆ-ը ամենից շատ նահանջել է պայմանագրերի իրականացման ապահովման և սեփականության պաշտպանության ենթացուցիչներով։ Մյուս կողմից՝ որոշակիորեն խստացվել է վարկային շուկաների և բիզնեսի կարգավորումը, ինչպես նաև արտաքին առևտրի կանոնները:

Ըստ զեկույցի համահեղինակ Ջեյմս Գուորթնիի՝ վարկանիշում ԱՄՆ-ի նահանջը պայմանավորված չէ ներկայիս ճգնաժամով, ցուցանիշների անկումը սկսվել է մինչ այդ: Նրա խոսքով՝ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԱՄՆ-ի արտաքին առևտրում զգալիորեն խստացվել են բեռների մաքսազերծման պահանջները, մեծացել է ոչ սակագնային պատնեշների դերը:

Ռուսաստանը վարկանիշում 95-րդն է, Բրազիլիան՝ 105-րդը, Չինաստանը՝ 107-րդը, Հնդկաստանը՝ 111-րդը:

Մեկնաբանել