Չեխիայում արգելվել է թունդ ալկոհոլի գովազդը ռադիոյով ու հեռուստատեսությամբ

Չեխիայում մեթանոլից թունավորման պատճառով սահմանվել է 20% թնդությունը գերազանցող ալկոհոլային խմիչքների գովազդի արգելք ռադիոյով ու հեռուստատեսությամբ․ արգելքը խախտողներին սպառնում է մինչև 2 մլն չեխական կրոնի տուգանք (ավելի քան $100 հազ․), հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Չեխական ռադիոն։

Այս որոշումն ընդունել է Չեխիայի Հեռուստա- և ռադիոհեռարձակման խորհուրդը՝ պայմանավորված օրերս իշխանությունների՝ 20% թնդությունը գերազանցող ոգելից խմիչքների վաճառքի լիակատար արգելքի սահմանմամբ։ 20% թնդությունը գերազանցող ալկոհոլի գովազդ չեխական հեռուստաալիքների ու ռադիոկայանների եթերում չի հայտնվի այնքան ժամանակ, քանի դեռ չի հանվել համապատասխան խմիչքների վաճառքի արգելքը, պարզաբանել են Հեռուստա- և ռադիոհեռարձակման խորհրդի ներկայացուցիչները։

Սեպտեմբերի սկզբից Չեխիայում, ինչպես նաև հարևան Սլովակիայում և Լեհաստանում մեթիլ սպիրտի թունավորումից մահացել է ավելի քան 20 մարդ, ևս մի քանի տասնյակ մարդ հիվանդանոցում է․ նրանց վիճակը ծանր է։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ բոլոր զոհերն օգտագործել են կեղծված օղի և ռոմ։ Չեխիայի ոստիկանությունը ձերբակալել է տասը մարդու և բռնագրավել է 5 հազ․ լ կեղծված ալկոհոլ։

Լեհաստանն ու Սլովակիան, որոնց տարածքներում արձանագրվել են մեթիլ սպիրտից թունավորման դեպքեր, չեխական ալկոհոլի ներկրման ժամանակավոր արգելք են սահմանել։