Ճապոնիան փոխել է ատոմային էներգետիկայից հրաժարվելու ծրագրերը

Ճապոնիան փոխել է իր դիրքորոշումը մինչև 2040թ․ ատոմային էներգետիկայից հրաժարվելու ծրագրի վերաբերյալ, գրում է ամերիկյան Wall Street Journal-ը։ Երկրի էկոնոմիկայի նախարար Մոտոհիսա Ֆուրուկավան հայտարարել է, որ նախարարների կաբինետը «որոշել է ուշադրության առնել» ատոմային էներգետիկայից հրաժարվելու մասին՝ անցյալ շաբաթ հրապարակված ծրագիրը երկրի երկարաժամկետ էներգետիկ քաղաքականությունը ձևավորելիս, սակայն չտալ այդ ծրագրին պաշտոնական հավանություն։ Ֆուրուկավայի խոսքով՝ առայժմ շատ վաղ է գնահատել՝ հնարավոր կլինի արդյոք ատոմակայանների գործունեության լիակատար դադարեցումը՝ համապատասխան հայտարարված ծրագրի։

Անցյալ շաբաթ Ճապոնիան հրապարակել էր նոր ռազմավարություն էներգետիկ ոլորտում, որը ենթադրում է ատոմային էներգիայից լիակատար հրաժարում մինչև 2040թ․, և որին հավանություն է տվել երկրի վարչապետ Յոսիհիկո Նոդան։ Սակայն այդ ծրագիրն առերեսվել է ատոմային էներգետիկային աջակցող բիզնեսի սուր քննադատությանը։ Ատոմակայանների պահպանման լոբբինգով զբաղվող բիզնեսի ներկայացուցիչները նշում են, որ դրանց օգտագործումից հրաժարումը կհանգեցնի Ճապոնիայում էլեկտրականության գների բարձրացման և կվտանգի էներգամատակարարման կայունությունը, ինչը կզսպի տնտեսական ակտիվությունը։

Ճապոնիայի՝ ատոմային էներգետիկայից հրաժարումը կարող է լրջորեն ազդել էներգետիկ և հումքային շուկաների վրա։ Ատոմային էներգիայի արտադրության ծավալով աշխարհում երրորդը հանդիսացող երկրի կողմից ատոմակայանների փակումը նշանակում է ուրանի պահանջարկի նվազում, սակայն հումքի այլ տեսակների, ներառյալ՝ նավթի, էներգետիկ ածխի և հեղուկացված բնական գազի սպառման ավելացում։