Հնարավոր է՝ ԵՄ-ն ունենա նախագահ և միասնական բանակ

Եվրամիության 11 երկրների արտգործնախարարներ առաջարկել են ստեղծել ԵՄ նախագահի (որը կընտրվի համընդհանուր քվեարկությամբ) պաշտոն, ձևավորել ընդհանուր արտգործնախարարություն, սահմանել մուտքի եվրոպական միասնական վիզա և հնարավոր է՝ ստեղծել միասնական բանակ, գրում են բրիտանական լրատվամիջոցները։

Եվրամիության բարեփոխման նախագիծը, որն ուղղված է իշխանության կենտրոնացման կտրուկ ուժեղացմանը, ներկայացված է փաստաթղթում, որն ընդունվել է Եվրամիության ապագայի հարցերով խմբի՝ երկուշաբթի Վարշավայում կայացած նիստի արդյունքներով։

ԵՄ ապագայի հարցերով խմբի կազմում են Միության 27 երկրներից 11-ի՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լյուքսեմբուգի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի, այսինքն՝ Եվրամիության բոլոր առավել ազդեցիկ ու խոշորագույն պետությունների, բացի Միացյալ Թագավորությունից, արտգործնախարարները։ Ակնհայտ է, որ խմբում «եղանակ են ստեղծում» Գերմանիան ու Ֆրանսիան, նշվում է բրիտանական մամուլում։

«Որպեսզի Եվրոպան լինի իրական գործող անձ և գլոբալ առաջնորդ, այն պետք է ունենա ինստիտուտների ուժեղ կառույց,- ասված է Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարներ Գիդո Վեստերվելեյի և Ռադոսլավ Սիկորսկիի համատեղ հայտարարությունում։ – Դրա համար անհրաժեշտ է ուղղակիորեն ընտրվող նախագահ, որն անձամբ կնշանակի «եվրոպական կառավարության» անդամներին»։

Եթե բարեփոխումն ընդունվի, ԵՄ առանձին երկրները կզրկվեն արտաքին քաղաքականության և անվտանգության վերաբերյալ հարցերի լուծման, ինչպես նաև համաեվրոպական պայմանագրերի վավերացման ժամանակ վետո կիրառելու իրավունքից։ Սա նշանակում է, որ առանձին երկրները ստիպված կլինեն աջակցել արտաքին քաղաքական միջոցառումների, որոնց հետ համաձայն չեն։ Նախագիծը նաև նախատեսում է, որ Եվրամիության երկրները կզրկվեն հանրաքվեների արդյունքներով հիմնարար փաստաթղթերից հրաժարվելու (ինչը բազմիցս տեղի է ունեցել) հնարավորությունից։

Փաստաթղթի ընդունումը նաև կուժեղացնի Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի գերատեսչության լիազորությունները և այն կվերածի լիիրավ համաեվրոպական դիվանագիտական գերատեսչության։ Նախատեսվում է միասնական ոստիկանական մարմնի ստեղծում, որը կզբաղվի ԵՄ սահմանների հսկողությամբ, ինչպես նաև Եվրախորհրդարանում եվրոգոտու երկրներից պատգամավորների հատուկ պալատի ձևովորում, որը կզբաղվի միասնական արժույթին վերաբերող միջոցառումների քննարկմամբ։

ԵՄ բարեփոխման նախագծի աշխատանքներին մասնակցած 11 երկրներից ոչ բոլորն են պաշտպանել միասնական եվրոպական բանակի ստեղծման գաղափարը, այդ իսկ պատճառով էլ փաստաթղթում բանակի մասին խոսվում է զգուշավոր արտահայտություններով։ «Նպատակ է ձևավորել եվրոպական պաշտպանական քաղաքականություն, որը կնախատեսի միասնական ջանքեր ռազմական արդյունաբերության ոլորտում, այդ թվում՝ սպառազինությունների միասնական շուկայի ստեղծում։ Խմբի որոշ անդամ երկրների համար սա ժամանակի ընթացքում կնշանակի եվրոպական բանակի ստեղծում»,- հայտարարված է փաստաթղթում։

Ինչպես նշում է բրիտանական մամուլը, Եվրամիությունում իշխանության կենտրոնացման ծրագրի հայտնությունը Մեծ Բրիտանիայում կուժեղացնի տրամադրությունները՝ հօգուտ երկրի՝ ԵՄ կառույցներին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման, որին կողմ են իշխող Պահպանողական կուսակցության շատ պատգամավորներ։

Մեկնաբանել