Ծառայողական քննություն` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացրած ստուգայցի արդյունքներն ու տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը, սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին, հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից:

Արդարադատության նախարարի նույն հրամանով ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները: Քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնակատար է նշանակվել պետի տեղակալ Արտուշ Չոբանյանը: Նախարարի հրամանով ծառայողական քննության կազմակերպման և անցկացման պատասխանատվությունը դրվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանի վրա: