Կվերածվի արդյոք Պեկին-Տոկիո տարածքային վեճը տնտեսականի

Սենկակու (չին.՝ Դյաոյույդաո) կղզիների համար չին-ճապոնական դիմակայությունը թևակոխել է Ճապոնիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հրապարակային սպառնալիքների փուլ։ Չնայած մի շարք գործնական քայլերի, Պեկինն այդպիսի որոշման չի գնա. տնտեսության դանդաղման պայմաններում պատժամիջոցները կվնասեն հենց Չինաստանին, գրում է Forbes ամսագրի ռուսական տարբերակը:

Ըստ China Daily-ի՝ Չինաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների արդյունքում Ճապոնիայի տնտեսությունը կարող է հետ մնալ 10 կամ 20 տարով: Չինաստանի՝ զբոսաշրջության հարցերով պետական վարչությունը տեղական զբոսաշրջային ընկերություններին հրահանգել է չեղյալ հայտարարել ազգային տոների ընթացքում դեպի Ճապոնիա ծրագրված շրջագայությունները: Նման ընկերությունների վնասները նախատեսվում է փոխհատուցել պետբյուջեից։ Չինաստանում հակաճապոնական ակցիաների արդյունքում ճապոնական մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Sony-ն, Panasonic-ը, Toyota-ն, Honda-ն, Nissan-ը խոշոր վնասներ են կրել։

Չինաստանն այսպես կոչված «առևտրային եռանկյան» մի օղակն է, որում ներգրավված են Ասիայի ինդուստրիալ երկրները և արտադրանքը սպառող Եվրոպան ու ԱՄՆ-ն: Չինաստան ներկրվում են բարձրտեխնոլոգիական բաղադրիչներ, այստեղ տեղի է ունենում դրանք վերջնական հավաքումը, այնուհետ պատրաստի արտադրանքն արտահանվում է սպառող երկրների շուկաներ:

Չինաստանը առևտրային բացասական սալդո ունի Ճապոնիայի, Թայվանի ու մի շարք այլ երկրների հետ, որոնք այդ բաղադրիչների մատակարարներն են: Դրական առևտրային սալդո Չինաստանն ունի ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, որոնք Չինաստանում արտադրված ապրանքի վերջնական սպառողներն են: Չինական արտադրության ապրանքի մի մասը վերադառնում է մատակարարող երկրների շուկաներ, որոնցից ամենախոշորը Ճապոնիան է։

Այսպես՝ 2011թ. Չինաստանը ներկրել է $194,6 մլրդ-ի ճապոնական արտադրանք։ Չինաստանից Ճապոնիա արտահանման ծավալը կազմել է $148,3 մլրդ: Ճապոնիան Չինաստանի երրորդ առևտրային գործընկերն է՝ Եվրամիությունից և ԱՄՆ-ից հետո:

Չինաստանի կողմից Ճապոնիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման առաջին «զոհը» կլինեն չինական արտահանումները դեպի ԱՄՆ և ԵՄ: Հազիվ թե ներկայում դա ձեռնտու է Պեկինին, երբ անկում են ապրում եվրոպական շուկաները, վատթարանում է գլոբալ տնտեսության վիճակը։

Ինչպես Չինաստանը, այնպես էլ Ճապոնիան վիճելի կղզիների հարցում հարկադրված են կոշտ դիրքորոշում որդեգրել՝ պայմանավորված ներքաղաքական մի շարք գործոններով։ Իրականում, սակայն, երկու երկրներից և ոչ մեկը շահագրգռված չէ հակամարտության խորացման մեջ։

Մեկնաբանել