Էդուարդ Շարմազանովը հանդիպել է արտերկրում ուսանած երիտասարդ մասնագետներին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին «Այրեքս» միջազգային կազմակերպության ծրագրերով արտերկրում ուսանած հայաստանցի երիտասարդ մասնագետների հետ հանդիպմանն անդրադարձել է կրթության ոլորտում կատարվող բարեփոխումներին ու բարձրակարգ մասնագետներին երկրի կառավարման ու տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավելու անհրաժեշտությանը և պատրաստակամություն հայտնել աջակցելու` նրանց հուզող  խնդիրները ԱԺ մշտական հանձնաժողովներում բարձրացնելու, քննարկելու ու համապատասխան լուծումներ գտնելու գործում, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Անդրադառնալով երկրի տնտեսության զարգացման հեռանկարներին` ԱԺ փոխնախագահը նշել է, որ տնտեսությունը պետք է լինի դիվերսիֆիկացված ու գիտելիքահենք:

Երիտասարդ մասնագետներին հետաքրքրել է նաև, թե Հայաստանն ինչ միջոցառումներ է ձեռնարկում Ադրբեջանի ծավալած հակահայկական քարոզչության դեմն առնելու համար: Էդուարդ Շարմազանովի խոսքով` փորձագիտական շրջանակների միջոցով, արտգործնախարարության ու  խորհրդարանական դիվանագիտության կատարած քայլերով փորձ է արվում կանխել Ադրբեջանի կեղծ տեղեկատվությունը, սակայն դրանք բավարար չեն, և այս կարևոր գործում պետք է ներգրավվի քաղաքացիական ամբողջ հասարակությունը:

«Մեր խնդիրները մենք պետք է լուծենք և ձախողումների պատճառը նախ և առաջ մեր մեջ փնտրենք` իհարկե, հաշվի առնելով նաև արտաքին մարտահրավերները»,- ասել է Շարմազանովը`  պատասխանելով սեպտեմբերի 15-ին կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ նախագահի հնչեցրած մտահոգությունների մասին հարցին: