Այվազյանը ճանաչվել է «ծպտյալ բաժնետեր»

Արդեն մի քանի օր է՝ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը ամեն կերպ փորձում է ներկայացնել, որ Նյու Յորքի հարավային շրջանի դատարանի՝ իրենից $37,5 մլն հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸի բռնագանձելու այս տարվա որոշումը կապված է իր՝ որպես նախարար գործունեությամբ։ Իրականում Այվազյանը հայտնվել է նախարար եղած ժամանակ իր իսկ մեքենայությունների սխեմայի թակարդում, քանի որ նա 2003թ. (երբ նախարար էր) եղել է «ՍՀԱ» ՍՊԸի փաստացի սեփականատերը, որը «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությանը $196 հազ-ով վաճառել է Հանքավանի հանքավայրի լիցենզառու «ՍՀԱ» ՍՊԸ-ի բաժնեմասը, իսկ հետագայում չի կատարել կնքված պայմանագրի պայմանները։

ՍիվիլՆեթի՝ այս գործընթացին լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ 2003թ. Հանքավանի հանքավայրի ուսումնասիրության լիցենզառու «ՍՀԱ» ՍՊԸ-ի բաժնեմասը «Գլոբալ Գոլդ Մայնինգին» վաճառելուց հետո Այվազյանը հասկացել է, որ հանքերի շուկայական արժեքը շատ ավելի է և, չարաշահելով պաշտոնական դիրքը, այդ ընկերությունից լիցենզիան վերցրել և վաճառել է «Գոլդեն օրե» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը ոմն Հռիփսիմե Միքայելյանն է՝ այն ժամանակվա տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի կնոջ քույրը: «Գոլդեն օրե»-ի բաժնետերեր են եղել նաև Այվազյանի հետ փոխկապակցված անձինք: 2007թ. «Գոլդեն օրե» ընկերությունը շուրջ $8 մլն-ով վաճառվել է վրացական «Մադնեուլի» ընկերությանը:

ՍիվիլՆեթի աղբյուրը հաղորդում է, որ այն բանից հետո, երբ «Գլոբալ Գոլդ Մայնինգի»՝ Հանքավանի հանքավայրում կատարած ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել նախկին ուսումնասիրություններից էապես ավելի շատ ոսկու, պղնձի և մոլիբդենի պաշարների մասին, Այվազյանը գիտակցել է, որ էժան է վաճառել լիցենզիան և որոշել է ավելի մեծ գումար աշխատել՝ «Գլոբալ Գոլդ Մայնինգին» զրկելով այդ լիցենզիայից՝ այն տրամադրելով իր հետ փոխկապակցված «Գոլդեն օրե» ընկերությանը, որն էլ այն վաճառել է «Մադնեուլիին»:

Հավանաբար Վարդան Այվազյանը հաշվի չէր առել «ՍՀԱ» ՍՊԸ-ի և «Գլոբալ Գոլդ Մայնինգի» միջև կնքված պայմանագրի մանրամասները։ Պայմանագրով ամրագրված է (ինչը երևում է Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանում ընթացած դատական գործից), որ պայմանագրի կողմերի միջև ծագած վեճերը պետք է լուծվեն Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանում: «Գլոբալ Գոլդ Մայնինգը» օգտվել է պայմանագրային դրույթներից և դատի է տվել «ՍՀԱ» ՍՊԸ-ի նախկին բաժնետերերին (Վարդան Այվազյանի հետ փոխկապակցված անձանց)՝ պայմանագրով ամրագրված պայմանների չկատարման համար։

ՍիվիլՆեթի աղբյուրի փոխանցմամբ՝ «ՍՀԱ» ՍՊԸ-ի իրական սեփականատերերը (այսինքն՝ Վարդան Այվազյանը) «Գլոբալ Գոլդ Մայնինգին» վստահեցրել էին, որ Հանքավանի հանքավայրի ուսումնասիրության լիցենզիայի հետ կապված ընկերությունը հետագայում որևէ խնդիր չի ունենալու, մինչդեռ արդյունքում բնապահպանության նախարարությունը ընկերությանը զրկել է լիցենզիայից:

2008 թ. սեպտեմբերի 5-ին Նյու Յորքի հարավային շրջանի դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ Այվազյանը ճանաչվել է «ՍՀԱ» ՍՊԸ-ի ծպտյալ բաժնետեր և մյուս բաժնետերերին ուղղորդող: Հենց այս հանգամանքն էլ հիմք է հանդիսացել, որ Նյու Յորքի հարավային շրջանի դատարանն այս տարվա հուլիսին վճիռ է կայացրել Վարդան Այվազանից (որպես «ՍՀԱ»-ի բաժնետեր) բռնագանձել $37,5 մլն՝ հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգի»:

Վարդան Այվազյանը տեղեկացվել է, որ 2008թ. ինքը ճանաչվել է «ՍՀԱ»-ի ծպտյալ բաժնետեր և իր դեմ հայց է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատարան. նրան ուղարկվել են դատական բոլոր փաստաթղթերը, ներառյալ դատարանի վճիռը՝ երկու հասցեներով՝ Երևանի և Չարենցավանի (տե՛ս՝ լուսանկարը):

Ներկայում պարզ չէ, թե ինչպես են ԱՄՆ հարկադիր կատարողները Այվազյանից բռնագանձելու այդ $37,5 մլն-ը: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ Նյու Յորքի դատարանի որոշումը կարող է հիմք հանդիսանալ Միջազգային արբիտրաժային դատարանի կողմից նույնանման որոշման կայացման համար, որի պարագայում՝ այդ գումարն արդեն բռնագանձելու իրավական ավելի մեծ հնարավորություններ կլինեն, քանի որ Հայաստանը 1998թ. միացել է «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիային: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով ամրագրված է, որ հարկադիր կատարման ենթակա դատական ակտերից է ՀՀ անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները: