Ֆրանսիան մեկ օրով կփակի դեսպանատներն ու դպրոցները 20 երկրում

Ֆարնսիան սեպտեմբերի 21-ին աշխարհի 20 երկրում մեկ օրով կփակի ֆրանսիական դպրոցները, դիվանագիտական ներկայացուցչությունները, մշակութային կենտրոններն ու այլ հաստատություններ, հաղորդում է AFP-ն։ Այս միջոցառումը պայմանավորված է այսօր ֆրանսիական սատիրիկ Charlie Hebdo պարբերականում Մուհամադ մարգարեի ծաղրանկարների հրապարակմամբ․ ֆրանսիացիները մտահոգ են մուսուլմանական երկրներում իրենց քաղաքացիների անվտանգության կապակցությամբ։

Թե կոնկրետ որ երկրներում են փակվելու դեսպանատներն ու դպրոցները, պարզ չէ, սակայն Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ խոսքը «բոլոր այն երկրների մասին է, որոնցում կարող են խնդիրներ առաջանալ»։ Ըստ ամենայնի՝ նկատի են առնվում մուսուլմանական պետությունները Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։

Դեսպանատները հենց սեպտեմբերի 21-ին՝ ուրբաթ, փակելու որոշումը, ըստ ամենայնի, ընդունվել է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մուսուլմանական երկրներում բողոքի տրամադրություններն ավանդաբար իրենց գագաթնակետին են հասնում հենց շաբաթվա այս օրը, երբ ուրբաթօրյա աղոթքից հետո մարդիկ դուրս են գալիս փողոց՝ բողոքելու այս կամ այն երևույթի դեմ։

Charlie Hebdo պարբերականն առաջին անգամը չէ, որ Մուհամադ մարգարեի ծաղրանկարներ է հրապարակում։ Համանման նկարներ պարբերականում հրապարակվել են 2006թ․ և 2011թ․։

Այսօր՝ ավելի վաղ, Charlie Hebdo-ի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել և որոշ ժամանակով անհասանելի է եղել։ Ֆրանսիայի ոստիկանությունը պարբերականի խմբագրության շենքը խիստ վերահսկողության տակ է վերցրել։

Մեկնաբանել