ՀԱՊԿ զորավարժությունները սերտ փոխգործակցության վկայությունն են. Անատոլի Սերդյուկովը` Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին, որը նախագահի հետ ներկա է գտնվել «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը և Անատոլի Սերդյուկովը քննարկել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ու առկա մարտահրավերներին, միջազգային իրավիճակին, ինչպես նաև այսօր անցկացված համատեղ զորավարժություններին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մակարդակից: Սերժ Սարգսյանի խոսքով` ՌԴ պաշտպանության նախարարի այցը հատկապես ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 15-ամյակի այս տարում երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների հետևողական ամրապնդման ևս մեկ հաստատումն է:

Անատոլի Սերդյուկովը շնորհավորել է Սերժ Սարգսյանին և Հայաստանի բոլոր քաղաքացիներին ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նախարարը գոհունակությամբ է խոսել այսօր տեղի ունեցած համատեղ զորավարժությունների մասին, որոնք նրա խոսքով, ռազմական ոլորտում սերտ փոխգործակցության վկայությունն են:

Մեկնաբանել