Սույն թվականի սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը վնասվել է Փարիզում կայանալիք «TopResa’ 2012» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները. այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից:
Դեպքի մասին իրազեկվելուն պես, Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները ՀԱՄՀ պատվիրակության հետ համատեղ դեպքի վայր են հրավիրել ցուցահանդեսի կազմակերպիչ կողմի ղեկավարությանը, և միջադեպն արձանագրվել է:
Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան կողմից բողոքներ են ստացվել Արցախի մասնակցության վերաբերյալ:
Հայկական կողմի պահանջով հատուկ հսկողություն է սահմանվել Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարի մոտ:
Նշենք, որ հայկական տաղավարի նախկին տեսքն ամբողջովին վերականգնված է, և Արցախի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է:
Այս պահին ցուցահանդեսն ընթանում է՝ ըստ սահմանված կարգի, իսկ հայկական տաղավարը մեծ ուշադրության է արժանանում այցելուների կողմից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-21-ը միջազգային այս ցուցահանդեսներին մասնակցության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մասնակցում են մեկ տաղավարով` միջազգային հանրությանը ներկայացնելով Հայաստանի և Արցախի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող լիովին նոր գովազդային նյութեր և քարտեզներ: