Ստեփանավանի օդանավակայանը կնորոգվի և կօգտագործվի արտակարգ իրավիճակների դեպքում

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժություններից անմիջապես հետո այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը ՌԴ ԱԻՆ գլխավոր ռազմական փորձագետ Պ. Պլատի հետ ուղղաթիռով մեկնել է Ստեփանավանի օդանակայան. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Կարճատև այցի ընթացքում նրանք ուսումնասիրել են օդանավակայանի տարածքը և հնարավորությունները։ Հետագայում նախատեսվում է այն վերանորոգել և արտակարգ իրավիճակների դեպքում օգտագործել փրկարարներ, մարդասիրական օգնություն ստանալու և այլ երկրներ ուղարկելու համար։ 

Վերադարձին ուղղաթիռը վայրէջք է կատարել ՀՀ ԱԻ նախարարության շենքի առջևի հրապարակում, որպեսզի հյուրերը ծանոթանան նորակառույց «Արտակարգ» քաղաքին։

ՌԴ ԱԻՆ գլխավոր ռազմական փորձագետ Պ. Պլատը վստահություն է հայտնել, որ իրենց հայ գործընկերների հետ համագործակցությունը աստիճանաբար ավելի ամուր ու սերտ է լինելու։ «Հայաստանի և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների համագործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, իսկ հիմա, երբ որոշվել է ՀՀ տարածքում հիմնել մարդասիրական օգնության հայ-ռուսական համատեղ կենտրոն, այն ավելի կսերտանա։ Մենք արդեն այդպիսի փորձ ունենք:

Նման մի կենտրոն հիմնել ենք Սերբիայում, և փորձը ցույց տվեց, որ արտակարգ իրավիճակների դեպքում այն մեծ ծառայություն կարող է մատուցել ոչ միայն տվյալ երկրին, այլև ամբողջ տարածաշրջանին»,- ասել է նա։ 

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը ևս նշեց, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հետ կապերը շատ ջերմ են, և համատեղ մարդասիրական օգնության կենտրոնի ստեղծումից հետո փոխգործակցությունն ավելի արդյունավետ կլինի։