Տարոն Մարգարյանը` տարվա լավագույն քաղաքապետ

Համազգային վստահության խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ազգային մրցանակաբաշխության 2012թ. «Տարվա լավագույն հանրային ծառայող»անվանակարգում լավագույն քաղաքապետ է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Լավագույն քաղաքապետի մրցանակը Տարոն Մարգարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը:

Շնորհավորելով քաղաքապետին լավագույնը ճանաչվելու համար` Մուրադ Մուրադյանն ընդգծել է, որ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի զարգացման գործում ունեցած իր անուրանալի ներդրման և մայրաքաղաքի հանդեպ դրսևորած անմնացորդ սիրո շնորհիվ, հիրավի արժանի է այս գնահատանքին. «Լինելով Երևանի քաղաքապետերից ամենաերիտասարդը` Տարոն Մարգարյանը իր պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում գործով ապացուցեց իր նվիրվածությունը մայրաքաղաքին ու նրա բնակչությանը, դրանով իսկ արդարացնելով նաև Հանրապետության նախագահի վստահությունը: Մարդիկ ամեն օր են համոզվում, որ Երևանը դառնում է ավելի գեղեցիկ, գրավիչ ու հարմարավետ»,- նշել է Մուրադ Մուրադյանը:

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած վստահության և գնահատանքի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այս կոչումը որքան պատվաբեր, նույնքան էլ պարտավորեցնող է. «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է ճանաչվել լավագույն քաղաքապետ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են կազմակերպված հարցումներին և նման պարտավորեցնող վստահություն են հայտնել: Շնորհակալ եմ նաև միջոցառման կազմակերպիչներին: Որպես Երևանի քաղաքապետ ուզում եմ ընդգծել, որ Երևանը մեր բոլորի տունն է, և մենք բոլորս պարտավոր ենք սիրել ու պահպանել մեր տունը: Ես վստահ եմ, որ բոլորս միասին շատ կարճ ժամանակում կապահովենք մեր տան գեղեցկությունը, մաքրությունն ու հարմարավետությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Նկատենք, որ «Տարվա լավագույն հանրային ծառայող» անվանակարգով մրցանակաբաշխությունն անցկացվում է առաջին անգամ:

Մեկնաբանել