Կխստացվի ներկրվող դեղերի նկատմամբ հսկողությունը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն», հանդիպել կոլեկտիվի հետ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:

Նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, տեխնոլոգիական և կադրային հագեցվածությանը: Դերենիկ Դումանյանը կարևորել է դեղերի արդյունավետության, անվտանգության և որակի ապահովման գործում մասնագիտացված կառույցի դերը: Նա կենտրոնի ղեկավարության առջև խնդիր է դրել շարունակաբար հզորացնել տեխնոլոգիական և կադրային հագեցվածությունը, ուժեղացնել ներքին վերահսկողության մեխանիզմները:

Կենտրոնի մասնագետների առջև նախարարը խնդիր է դրել ուժեղացնել հսկողությունը հանրապետություն ներկրվող դեղերի նկատմամբ` դրանց անվտանգությունը երաշխավորելու նպատակով, ինչպես նաև հետամուտ լինել կեղծ, ժամկետանց և չգրանցված դեղերի ներմուծման կանխմանը: