Հայաստան vs Վրաստան. հօգուտ վերջինի

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում և հինգ այլ քաղաքներում բողոքի ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ հեռուստատեսությամբ ցուցադրել են վրացական «Գլդանի» բանտում բանտարկյալների նկատմամբ կտտանքները: Տեսանյութերում երևում է, թե ինչպես են բանտի աշխատակիցները խոշտանգում, ծեծի ենթարկում և բռնաբարում կալանավորներին: Փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջում են պատժել միջադեպի մեղավորներին:

Երեկ արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել Վրաստանի պատիժների իրականացման նախարար Խաթունա Կալմախալիձեն: Ձերբակալվել են Գլդանի բանտի մի շարք աշխատակիցներ:

Միջադեպը և դրան հաջորդող զարգացումները վկայում են, որ Վրաստանում լուրջ խնդիրներ կան ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ, և վրացական ժողովրդավարությունը ամենևին էլ այն չէ, ինչ ներկայացվում է: Սակայն երբ խնդիրը դիտարկում ես մեկ այլ տեսանկյունից, ակնհայտ է դառնում, որ այնուամենայնիվ Սաակաշվիլիի իշխանությունը ստեղծված իրավիճակում առավել քան ադեկվատ է: Նախարարի հրաժարականը և բանտի աշխատակիցների ձերբակալությունները ապացուցում են, որ Վրաստանի իշխանությունները ականջալուր են հանրային դժգոհություններին և փորձում են խնդրին լուծում գտնել: Այլ խնդիր է, որ Սաակաշվիլին բանտի միջադեպը փորձում է քաղաքականացնել և հաշվեհարդար տեսնել իր հիմնական հակառակորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ:

Եթե համեմատականներ անցկացնենք Հայաստանի և Վրաստանի իշխանությունների միջև, ապա շահեկան վիճակում Սաակաշվիլին է, ոչ թե Սերժ Սարգսյանը: 2010թ. ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում դանակահարության միջոցով սպանվեց Վահե Խալաֆյանը, 2007թ. մայիսին Երևանում ոստիկանության բաժանմունքի պատուհանից իրեն «դուրս նետեց» Լևոն Գուլյանը: Այս միջադեպերի հետ կապված՝ Հայաստանում ևս հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացավ, հնչեցին դատապարտող հայտարարություններ, սակայն պատասխանատու պաշտոնյաները անմեղսունակ հայտարարություններով արդարացնում էին ոճրագործներին: Վահե Խալաֆյանի սպանության վերաբերյալ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նույնիսկ երդվում էր, որ Խալաֆյանը ինքնասպան է եղել: Իսկ պատասխանատու նախարարների հրաժարականի մասին խոսելն ավելորդ էր: Այսինքն՝ Հայաստանում իշխանություններն ամեն ինչ անում էին և անում են իրական մեղավորներին թաքցնելու և նմանատիպ հանցագործությունները կոծկելու համար:

Վրաստանում իշխանությունը քայլ է անում հասարակության և իր միջև առաջացող անջրպետը վերացնելու ուղղությամբ, Հայաստանում իշխանությունը ամեն անգամ ավելի է խորացնում այդ անջրպետը: Ամենաթարմ օրինակը՝  Հարսնաքարը:  

Դերենիկ Մալխասյան