Միանգամից չի ստացվի

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու առաջարկությունը համահունչ է կառավարության որդեգրած քաղաքականությանը, թեև գործադիրը պատրաստ չէ աշխատավարձերը միանգամից բարձրացնել՝ այն էլ 2,2 անգամով։

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու Հրանտ Բագրատյանի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխություններին ֆինանսների նախարարության կողմից պատրաստված հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության ծրագրի իրականացմամբ 2012-2017 թթ. ընթացքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, նվազագույն աշխատավարձ/աղքատության գիծ ցուցանիշի առնվազն 140% մակարդակի ապահովում:

«Նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով, 2013թ. պետական բյուջեի նախագծով»,– նշված է հիմնավորման մեջ։

Կառավարությունն ըստ էության ընտրել է նվազագույն աշխատավարձերի բարձրացման փուլային տարբերակ, այնինչ Բագրատյանն առաջարկում է միանգամյա բարձրացում՝ ներկայիս ֌32,5 հազ-ից մինչև ֌72,5 հազ.։

Թեև Բագրատյանը կարծում է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը էականորեն չի մեծացնի բյուջետային ծախսերը, ֆինանսների նախարարությունն այլ կարծիքի է և նույնիսկ հաշվարկել է, թե որ դեպքում որքանով կավելանան բյուջեի ծախսերը։

Այսպես, եթե նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ միաժամանակ համամասնորեն բարձրացվեն պետբյուջեից տրվող բոլոր աշխատավարձերը և նվազագույն աշխատավարձի հետ կապված այլ ծախսերը, ապա կպահանջվի հավելյալ ֌360,4 մլրդ։ Եթե բարձրացվեն պետական բյուջեից տրվող մինչև ֌72,5 հազ. ամսական աշխատավարձերը, ապա կպահանջվի ֌28,4 մլրդ: Այս սցենարի դեպքում, ըստ ֆինանսների նախարարության, խախտվելու է Աշխատանքային օրենսգրքով սահմանված արդարացի վարձատրության իրավունքի սկզբունքը, չի ապահովվելու աշխատավարձի կախվածությունը աշխատանքի քանակից և որակից, անտեսվելու են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» օրենքի պահանջները։

Ֆինանսների նախարարությունը համաձայն չէ պատգամավորի այն պնդմանը, թե նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը շեշտակիորեն կկրճատի ստվերային տնտեսությունը:

Ըստ ֆիննախի՝ գործատուները կարող են անփոփոխ թողնել գործող աշխատավարձերի չափերը՝ կրելով նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ վճարելու համար օրենսդրությամբ սահմանվող պատասխանատվության ռիսկերը, կամ չեն գրանցի վարձու աշխատողներին՝ խուսափելով ինչպես աշխատավարձի բարձրացման հետևանքով առաջացող լրացուցիչ ծախսերից, այնպես էլ նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ վճարելու համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունից:

Մեկնաբանել