Մի հաղորդագրության առիթով

Հիշո՞ւմ եք բրեժնևյան ժամանակաշրջանի մամուլի հրապարակումներն ու կոչերը: «Հնգամյակը չորս տարում», «Կուսակցությունը մեր ժամանակաշրջանի միտքն է, պատիվն ու խիղճը», «Նոր տարին նոր հաղթանակներով» և այլն: Համագումարից համագումար, իսկ այն լինում էր չորս տարին մեկ անգամ, թարմացվում էին առաջադրանքները, ճշտվում հանձնարարականները, և օրն առաջ շարժվում էինք «գրավելու» անհասանելի կոմունիզմի բարձունքը: Ինչպես հետագայում պարզվեց, այդ համագումարները իրականում շղարշ էին և զուտ քարոզչական նպատակ էին հետապնդում: Եվ ամեն անգամ՝ համագումարից համագումար ընկած ժամանակաշրջանում կաշառակերությունն ու փողերի լվացումը ավելի էր փթթում անծայրածիր խորհրդային երկրում: Որքան որ նեգատիվ երևույթները արմատակալում էին, այնքան ավելի հուզիչ էր հնչում «Կուսակցությունը մեր ժամանակաշրջանի միտքն է, պատիվն ու խիղճը» կարգախոսը:

Հատկապես անքննելի էին երկրի և կուսակցության առաջնորդի ելույթները, որոնք ընթանում էին հոտնկայս բուռն ծափահարություններով, և դրանց վերլուծությունները մամուլում և հեռուստատեսությամբ չէին դադարում մինչև առաջնորդի հաջորդ ելույթը: Իսկ ելույթները անթերի էին, և համարյա պետք էր ընդունել որպես Աստծո կողմից ասված խոսք: Ո՞վ իրավունք ուներ չհավատալու կամ կասկածելու: Եթե նույնիսկ այդպիսիք կային, ապա միայն՝ ուղղիչ աշխատանքային գաղութներում:

Ժամանակները ժամանակի հետ փոխվեցին: Առաջնորդները՝ ևս: Բայց մարդիկ չեն փոխվում: Այդ ժամանակների մարդու տեսակը այնպես է արմատավորվել մեր իրականության մեջ, որ փոխելը պարզապես դարձել է անհնարին:

Ահա, խնդրեմ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ գործադիրի հետ անցկացրած խորհրդակցությունից երկու օր էլ չանցած՝ ԶԼՄ-ներում կարդում ենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության է հրավիրել ոլորտի բոլոր պատասխանատուներին՝ քննարկելու սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիր մարմինների ղեկավարներին տրված հանձնարարականները:

Անկեղծ ասած՝ չեմ հասկանում, թե ի՞նչն են քննարկել, երբ քննարկելու ոչինչ չկար: Պետք էր ընդամենը կատարել հանձնարարականը: Այն հանձնարարականը, որը ամրագրված է օրենքով, և դրանից ցանկացած շեղում պետք է արժանանար իրավապահների վերաբերմունքին:

Բայց կարդալով մամուլի հաղորդագրությունը՝ պարզվում է, որ նախարարը ՀՀ նախագահի խոսքից է հասկացել, որ այդպես շարունակել այլևս հնարավոր չէ: «Նախագահը հիշեցրեց, որ գնումների ընթացակարգն օրենքով ապակենտրոնացվել է, որպեսզի պետությունն արդյունավետ, այսինքն՝ ցածր գնով և լավորակ ապրանք ու ծառայություն գնի, այլ ոչ թե հակառակը: Եվ որ նման թերացումների դեպքում այլևս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չի լինելու»,– աշխատակիցներին ասել է Սերգո Կարապետյանը և հավելել, որ այսուհետ օրենսդրությամբ սահմանված պահանջներից ու սկզբունքներից յուրաքանչյուր շեղում, այս գործում ցուցաբերվող յուրաքանչյուր անհարկի դանդաղկոտություն կամ թերացում համարժեք ու խիստ պատասխանի է արժանանալու:

Ստացվում է, որ եթե ՀՀ նախագահը այս խորհրդակցությունը չանցկացներ և կարգի մասին չհիշեցներ, ապա նախարարի մտքով չէր էլ անցնի, որ օրենսդրությունը տվյալ դեպքում ինչ է պահանջում: Ավելին՝ որ այսպես շարունակելն այլևս հնարավոր չէ, տեղեկացել է ՀՀ նախագահից, և ոլորտի աշխատողներին հիշեցրել է, որ պետությանը հասցված վնասի յուրաքանչյուր դեպքով առաջին հերթին, որպես ոլորտի պատասխանատուներ, աշխատակիցներն են մեղավոր, և հենց իրենք էլ առաջինը պետք է պատասխան տան կատարվածի համար:

Դե իսկ ամենահուզիչը մամուլի հաղորդագրության եզրափակիչ մասն է, որտեղ գրված է. «Խորհրդակցության մասնակիցներն իրենց հերթին պարտավորվեցին անշեղորեն հետևել երկրի ղեկավարի հանձնարարականներին ու հնարավորինս սեղմ ժամկետներում էական փոփոխությունների հասնել «Գնումների մասին» օրենքի իրականացման և պետական բյուջեի արդյունավետ տնօրինման գործընթացներում»:

Այս պատմության մեջ միակ մխիթարիչը այն է, որ խորհրդակցության մասնակիցներն իրենց հերթին պարտավորվել են անշեղորեն հետևել երկրի ղեկավարի հանձնարարականներին: Այսինքն՝ կա՛մ մի քանի ամիս կաշխատեն «մաքուր»՝ առանց ատկատի, կա՛մ իրենք էլ իրենց հերթին կհավաքեն իրենց ենթականերին և կփոխանցեն նախագահի ասածները և պատասխանատվությունը իրենց ուսերից կգցեն ենթակաների վրա:

Ահա այսպես, հին ու բարի ժամանակների ոգով և նմանությամբ: