ՎՏԲ-ն $2 մլրդ-ի բաժնետոմս կվաճառի

Ռուսական ՎՏԲ բանկի բաժնետոմսերի երկրորդ տեղաբաշխման (SPO) նվազագույն ծավալը կկազմի $2 մլրդ, հայտարարել է բանկի նախագահ Անդրեյ Կոստինը։

«Իհարկե մենք տեղաբաշխում կիրականացնենք»,– ասել է Կոստինը՝ SPO-ի մասին խոսակցություններն առայժմ ժամանակավրեպ համարելով։ Ներկայում բանկի ղեկավարությունը ցանկանում է ուսումնասիրել «Սբերբանկի» արժեթղթերի դինամիկան դրանց տեղաբաշխումից հետո, ինչպես նաև գնահատել սեփական բաժնետոմսերը շուկա դուրս բերելու հնարավորությունները:

Կոստինը հիշեցրել է ՎՏԲ-ի նախորդ՝ 2011թ. SPO-ի մասին, որի ընթացքում բանկը $3 մլրդ-ի բաժնետոմս էր տեղաբաշխել։ Իրացնել հաջողվել էր դրանց միայն 10%-ը:

ՎՏԲ-ի կապիտալում պետության մասնաբաժնի նվազեցումն իրականացվում է բանկի մասնավորեցման ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է, որ մինչև 2016թ. պետությունն ամբողջությամբ կվաճառի իր բաժնետոմսերը։ Վերահսկիչ փաթեթը մասնավոր ներդրողներին կանցնի արդեն 2017թ.։ Ներկայում պետությունը վերահսկում է ՎՏԲ-ի բաժնետոմսերի 75,5%-ը:

Մեկնաբանել