«Արմավիան» կրկին չի թռչում

«Արմավիան» ձգձգել է «Զվարթնոց» օդանավակայանի առջև ստանձնած պարտքային պարտավորությունների կատարումը, ինչի հետևանքով դադարեցվել է ավիաընկերության որոշ ուղղություններով չվերթների սպասարկումը:

«Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության մի քանի չվերթներ օդանավակայանին կուտակած պարտքի պատճառով կրկին հետաձգվել են։ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը ՍիվիլՆեթ-ին ասաց, որ «Զվարթնոց» օդանավակայանը չի սպասարկում «Արմավիայի» չվերթները, քանի որ ընկերությունը խախտել է մարտին ստորագրած համաձայնագրի պայմանները՝ զգալիորեն գերազանցելով թույլատրելի պարտքի սահմանաչափը։

«Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան ՍիվիլՆեթ-ին նշեց, որ ընկերության կողմից ընթացիկ պարտքի մարման ուշացումը պայմանավորված է նրանով, որ երկուշաբթին եղել է ոչ աշխատանքային օր, ինչի արդյունքում բանկային գործարքներ չեն կատարվել։ Ավետիսովայի խոսքով՝ գումարները փոխանցվել են, դրանք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հաշվեհամարներին կնստեն 2-3 օրվա ընթացքում։

Նշենք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը երեկ նույնպես մի քանի ժամով դադարեցրել է «Արմավիայի»՝ դեպի Ռուսաստան մի քանի ուղղություններով չվերթներով սպասարկումը։

Այս տարի մարտի 15-ին «Արմավիան» և «Արմենիա միջազգային օդանավակայանները» ստորագրել էին համաձայնագիր, որով օդանավակայանը համաձայնել էր բավարարել «Արմավիայի» պահանջները, մասնավորապես՝ վերանայել սպասարկման սակագները։ Ավիաընկերությունն իր հերթին պարտավորվել էր սահմանված ժամանակացույցով՝ մինչև սեպտեմբեր, մարել կուտակած պարտքերը։ Այդ ժամանակ «Արմավիան» օդանավակայանի առջև կուտակել էր վեց ամսվա պարտք՝ $5,3 մլն։

Այսօր չի սպասարկվել «Երևան-Կիև», «Երևան-Թել Ավիվ» չվերթները։ Չի սպասարկվելու նաև Երևան-Սոչի չվերթը։