Ջիհադի քննադատությամբ սոցիալական գովազդ Նյու Յորքում

Նյու Յորքում կհայտնվի սոցիալական գովազդ իսլամական ջիհադի քննադատությամբ, հաղորդում է Reuters-ը։ Ինչպես տեղեկացրել են Նյու Յորքի հանրային տրանսպորտի ծառայության ներկայացուցիչները, քաղաքային իշխանություններն ի սկզբանե դեմ են եղել տվյալ գովազդին, որը նրանց խոսքով՝ «անթույլատրելի բառապաշար է օգտագործում»։ Սակայն գովազդային արշավի համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Ամերիկյան ազատությունների պաշտպանության նախաձեռնությունը», դատի է տվել քաղաքային իշխանություններին և շահել է գործը։

Համապատասխան գործի նյութերի՝ գովազդային կարգախոսը, որն առաջացրել է քաղաքային իշխանությունների դժգոհությունը, հետևյալ կերպ է հնչում՝ «Քաղաքակրթության և վայրենիների միջև պատերազմում աջակցի՛ր քաղաքակրթությանը։ Աջակցի՛ր Իսրայելին։ Հաղթի՛ր ջիհադին»։ Սկսած այս սեպտեմբերի 23-ից՝ պաստառները կհայտնվեն նյույորքյան մետրոյի տասը կայարաններում, սակայն այդ կայարանների անունները չեն նշվում։

Իսլամական մի շարք կազմակերպություններ արդեն բողոքներով դիմել են իշխանություններին՝ հանրային տրանսպորտում գովազդի հայտնությունը կանխելու խնդրանքով։

Մեկնաբանել