Իմ գլխին Աստծո ձեռքն էր

Լինում են մարդկային ճակատագրեր, որոնք սարսուռ են առաջացնում. այդպիսին է նաև նկարիչ Զաքար Խաչատրյանի կյանքի պատմությունը։ Սակայն նա երբեք չի չարացել աշխարհի նկատմամբ, մնացել է լավատես ու կենսախինդ։ «Օրակարգի» հետ զրույցում նա ասում է, որ եթե հոռետես լիներ կամ էությամբ չար, չէր կարողանա ապրել այդքան ծանրություն տեսնելով:

-Դուք դասավանդում եք Մանկավարժական համալսարանում: Ի՞նչն է, որ հենց առաջին հանդիպումից փորձում եք սերմանել Ձեր ուսանողների մեջ։

-Առաջին հերթին՝ սեր դեպի մասնագիտությունը: Ես շատ ուսանողների գիտեմ, որոնք ոչ մի կապ չունեն իրենց ընտրած մասնագիտության հետ։ Չէի ուզենա նման ուսանողներ ունենալ: Այս տարիքիս դեռ աշխատում եմ և փորձում ինչ-որ չափով պետք գալ ուսանողներիս: Եթե ես նրանց պետք չեմ, ուրեմն իմ աշխատանքն էլ ինձ պետք չէ, ես դրա կարիքը չունեմ: Տասնվեց տարեկանից վարժապետ եմ եղել («անիծել են ինձ»՝ ասում է ու ժպտում), մինչ օրս էլ վարժապետ եմ։

-Ի՞նչ եք կարծում, գոյություն ունի՞ առանձնակի՝ «հայկական հակում» դեպի արվեստը, դեպի նկարչությունը։

-Այդպես չի կարելի ասել… բայց համաձայն եմ այն մտքին, որ մենք էլ ենք արվեստ շատ սիրում։ Ուզում եմ, որ մենք մի քիչ էլ համեստություն ունենանք, թողնենք, որ ուրիշները խոսեն մեր մասին: Օրինակ, երբ գնում ես իտալական մի քաղաք, նրանք երբեք չեն ասում, որ այստեղ ծնվել է, օրինակ, Ջոտտոն: Չեն ասում, լռում են: Այդպես պետք է լինի:

Իսկ ինչո՞ւ ենք հակված դեպի նկարչությունը: Որովհետև մանրանկարչությամբ ավելի հեշտ են մատուցվել մեր քրիստոնեական և կրոնական մտքերը: Հայկական մանրանկարչությունն առանձնահատուկ է, դրանում յուրահատուկ կերպով է արտահայտվում հայի գունային մտածելակերպը։ Մեր մանրանկարչությունը մեր ազգի անհատականությունն է: Ես միշտ ասում եմ և իրավունք էլ ունեմ ասելու, որ գեղանկարչությունը, ոչ թե նկարչությունը, այլ գեղանկարչությունը ես սովորել եմ հայերից:

-Ինչպե՞ս ընտրեցիք նկարչությունը։

-Ես շատ պատահական եմ ընդունվել նկարչական ուսումնարան, իմ համագյուղացի ընկերոջ խորհրդով, որն այնտեղ էր սովորում: Բացարձակ գաղափար չունեի ո՛չ նկարչության, ո՛չ էլ ընդհանրապես արվեստի մասին: Բայց այդ ուսումնարանն առավելություն ուներ ինձ համար՝ այնտեղ հանրակացարան կար։ Ինձ համար սա էր կարևորը, որովհետև մնալու տեղ չունեի:

Հորս՝ որպես ժողովրդի թշնամու, աքսորել էին Սիբիր։ Ես, չնայած բազմաթիվ շքանշաններով և մի քանի ծանր վերքեր ստացած վերադարձել էի Հայրենական մեծ պատերազմից, միևնույն է, վախենում էի, քանի որ համարվում էի ժողովրդի թշնամու զավակ: Ինձ նսեմացնում էին…, իսկ ես ստիպված էի լռել…

Մանկավարժական ուսումնարանում, ինչպես ասում են, «ջրից կամացուկ էի, խոտից ցածր», որ չերևամ։ Չնայած ասո՞ւմ են չէ՝ ամեն մարդու գլխին մի ձեռք է լինում, իմ գլխին Աստծո ձեռքն էր։

-Ամենազորավոր ձեռքն է եղել Ձեր գլխին։

-Աստծո մասին մեզ մայրս է ասել: Սուսիկ-փուսիկ. մենք պատ էլ չենք ունեցել, որովհետև տուն չունեինք, բայց նա վախենում էր, որ մի տեղ թաքնված կոմսոմոլը կլսի ու խաբար կտա, թե այդ կինը Աստծո անունը տվեց: Խեղճ մայրս այնքան էր ասում սո՛ւս, որ չգիտեմ՝ ինքը լսո՞ւմ էր, թե՞ ոչ: Այդ տարիներից իմ մեջ մտավ հավատը, ու այդ հավատով ապրում եմ մինչ օրս։

-Երբ ճանապարհը դեպի նպատակ է տանում, կարևոր չէ հեռավորությունը։ Երբևէ մտածե՞լ կամ առաջնորդվե՞լ եք այդ սկզբունքով։

-Ես պարզապես կուրորեն գնացել եմ՝ ուր էլ որ ճանապարհն ինձ տարել է: Չգիտեմ՝ ուր։ Ես հատուկ չեմ նպատակադրվել: Ակամայից եմ գնացել, որովհետև արվեստը, նկարչությունը աշխատանք է պահանջում։ Ես էլ աշխատել եմ առանց մտածելու, թե ինչ է տալու ինձ այդ աշխատանքը: Պարզապես աշխատել եմ։

-Հատուկ նպատակ չե՞ք ունեցել։

-Չէ, ես նպատակ եմ դրել հաց վաստակել՝ մորս, ընտանիքը պահել: Դա է եղել նպատակը։

-Ձեր նկարներից լավատեսություն է հորդում. որտեղի՞ց նման լավատեսություն։

-Դա էլ է Աստծո կամքով. եթե հոռետես լինեի կամ էությամբ չար, չէի կարողանա ապրել այդքան ծանրություն տեսնելով: Երևի կյանքն է ինձ ստիպել դիմանալ, դիմակայել, չկոտրվել։ Հասկանո՞ւմ եք, մարդն այդպիսի առավելություններ էլ ունի, համակենտրոնացման ճամբարում էլ կարող է ապրել:

-Մեր իրականությունում ի՞նչը չեք ընդունում, ինչի՞ն եք ընդդիմանում։

-Չեմ ընդունում չարությունը. ինչո՞ւ ենք մենք այդքան չար: Եթե անգամ ինչ-որ մեկը ինձ շատ վատ բան է արել, կողքից անցնելով միշտ բարևում եմ։ Համարում եմ, որ դա ճիշտ է: Ինչո՞ւ չարանամ, ինձ տանջեմ: Ես միշտ ասում եմ՝ Աստված տվել է մեզ հնարավորություն ներողություն խնդրելու նույնիսկ այն մարդուց, որը չար է։

-Չեմ ասում Ձեր սերունդը, Դուք ինչպե՞ս եք այսօր վերաբերվում խորհրդային գաղափարախոսությանը։

-Ի՞նչ է նշանակում խորհրդային գաղափարախոսություն:

-Գնում էին դեպի պայծառ ապագա։

-Իսկ դրանում գեղեցիկը չկա՞ր։

-Երևի կար, որովհետև հավատում էին դրան։

-Հենց այդ հավատը, որ կար, պայքարում էր այդ գաղափարախոսության կեղծ շապիկի դեմ: Այն երկակի էր, ուներ և՛ լավ, և՛ վատ կողմեր: Իմ կյանքի ամենադաժան պահերն ապրել եմ այդ տարիներին, բայց գոհ եմ, որ այդ փոսից դուրս եմ եկել, գնացել Լենինգրադ, ստացել բարձրագույն կրթություն: Ինչպե՞ս եմ գնացել, ինչպե՞ս այնտեղ հասա… Դա էլ այդ խորհրդային գաղափարախոսության մեդալի հակառակ կողմն է, որից մենք շահել ենք…

Զրուցեց Սաթենիկ Ազատյանը