Ղեկին՝ հոգեպես սթափ

Ոստիկանությունը մի կողմից առաջարկում է կառավարությանը պարզեցնել վարորդական իրավունքի տրամադրման գործընթացը, մյուս կողմից՝ պահանջում, որ քաղաքացիներն ապացուցեն, թե հոգեկան խանգարումներ չունեն։ Այսուհետ վարորդական իրավունք ստանալու համար գրավոր դիմում չի պահանջվի, սակայն քաղաքացիները ստիպված կլինեն հանձնել հոգեբանական տեսական թեստ։

Ոստիկանությունը կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի հաստատմանն է ներկայացրել վարորդական իրավունքի տրամադրման գործընթացը կարգավորող որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ։ Այն նախատեսում է վերացնել քաղաքացու տվյալները հոգեբուժական բժշկական հաստատություններից կողմից տրամադրված տվյալների հետ համեմատելու պահանջը և առաջարկում, որ քաղաքացին հոգեբանական թեստի միջոցով ապացուցի իր առողջ լինելու փաստը։

Առաջարկվող փոփոխությունն ինչ-որ առումով վերադարձ է դեպի նախկինում գործող կարգը, երբ քաղաքացին վարորդական իրավունք ստանալու համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացնում էր նաև տեղեկանք հոգեբուժական հաստատությունից։
2011թ. ապրիլին կառավարությունը վարորդական իրավունք տրամադրելու կարգում կատարել էր փոփոխություններ՝ հրաժարվելով բժշկական հավատարմագրման տեղեկանք ներկայացնելու պրակտիկայից։ Փոխարենը հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական հաստատությունները Ճանապարհային ոստիկանությանը պետք է ամիսը երկու անգամ էլեկտրոնային և թղթային կրիչների միջոցով տրամադրեին տեղեկատվություն բժշկական հաստատություններում հաշվառված անձանց մասին:

Կառավարության հաստատմանը ներկայացված որոշման նախագծի հիմնավորման մեջ ոստիկանությունը նշել է, որ «քաղաքացու տվյալները հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ համեմատելու գործընթացները պահանջում են բավական ժամանակ և տեխնիկական առումով որոշակի բարդություններ են առաջացնում վարորդական իրավունքի վկայական տալու գործընթացը պատշաճ որակով կազմակերպելու և ծառայություն մատուցելու տեսանկյունից»:

Ոստիկանությունն առաջարկում է նաև, որ քաղաքացին այլևս գրավոր դիմում չներկայացնի։ Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո նա անմիջապես լուսանկարվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով՝ լուսանկարով էլ փաստվելու է նրա դիմելը քննական մարմին։

Ըստ ներկայացված նախագծի՝ վարորդական վկայական ունեցող անձը որևէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար չի հանձնի տեսական քննություն։ Բացի այդ՝ գործնական քննությունը ներկայիս երկու փուլերի փոխարեն լինելու է միայն մեկը՝ ավտոդրոմում (ավտոհրապարակում)։ Իսկ մինչև Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները որակավորման գործնական քննությունների ընդունման համար նախատեսված ավտոդրոմներով (ավտոհրապարակներով) ապահովելը գործնական քննությունը նախատեսվում է անցկացնել ճանապարհային երթևեկության իրական պայմաններում: