«Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի դերասանուհին դատի է տվել YouTube-ին

«Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի դերասանուհի Սինդի Լի Գարսիան YouTube պորտալի և սադրիչ ֆիլմի պրոդյուսեր Նակուլա Բեսելի Նակուլայի դեմ դատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի Գերագույն դատարան՝ պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում և համացանցում տեսահոլովակի արգելում:

Գարսիայի հայցում, մասնավորապես, ասված է, որ «հոլովակն իր ներկայիս տեսքով մահացու վտանգ է ներկայացնում իր և իր հարազատների համար»: Դերասանուհին հայտարարել է, որ խարդախության զոհ է դարձել և մեծ սթրես ապրել, իսկ նրա փաստաբան Քրիս Արմենտան ասել է, որ տուժածը կպայքարի այնքան, մինչև այդ հոլովակը համացանցից հանվի: Ըստ Արմենտայի՝ պրոդյուսեր Նակուլան հավաստիացրել է դերասաններին, որ նրանք մասնակցում են «Մարտիկի անապատ» արկածախնդրային ֆիլմի նկարահանմանը: «Խոսքը գնում էր պատմության, հին եգիպտացիների և ոչ թե կրոնի մասին»,- ասել է Արմենտան:

14-րոպեանոց հոլովակի ի հայտ գալու արդյունքում՝ Գարսիան զրկվել է թոռների հետ շփման հնարավորությունից և ազատվել աշխատանքից, քանի որ այսուհետև «նրա ներկայությունն անվտանգ չէ շրջապատի համար»:

Ավելի վաղ YouTube-ը հրաժարվել էր բավարարել ամերիկյան իշխանությունների պահանջը և հանել հոլովակը ռեսուրսից: Ընկերության տվյալներով՝ «տեսանյութի բովանդակությունը չի խախտում ԱՄՆ-ի օրենքները, չի պարունակում պոռնոգրաֆիկ բնույթի դրվագներ, բռնության, դաժանության կադրեր, որոնք հակասում են օրենքին»:

«Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի ռեժիսորը Ալան Ռոբերտսն է, որը հայտնի է պոռնոգրաֆիկ ժանրի աշխատանքներով: Ռոբերտսի գտնվելու վայրը հայտնի չէ. լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ այս մարդը թաքնվում է: Մինչդեռ ժապավենի հիմնական հեղինակ 55-ամյա Նակուլա Բեսելի Նակուլան Լոս Անջելեսի դատախազությունում վկայություն տալուց հետո իր ընտանիքի վեց անդամների հետ միասին անհետացել է: Հենց այս մարդն է Սեմ Բեսիլ կեղծանվան տակ համացանցում տեղադրել 14 րոպեանոց հոլովակը: Ֆիլմի համահեղինակ Ջոզեֆ Նազրալան պնդում է, որ վերջնական նյութը որևէ կապ չունի ֆիլմի սկզբնական մտահղացման և դերասանների կատարած աշխատանքի հետ: «Նակուլան ինքնուրույն է մոնտաժել ֆիլմը և ավելացրել նոր երկխոսություններ՝ առանց ստեղծագործական խմբին տեղեկացնելու», – եզրափակել է Նազրալան:

Նշենք, որ «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը դժգոհության ալիք է բարձրացրել արաբական աշխարհում: Անցյալ շաբաթվա ընթացքում բողոքի ակցիաներ էին ընթանում Եգիպտոսում, Եմենում, Լիբիայում, Լիբանանում, Սուդանում, Թունիսում: Կառավարական ուժերի և ցուցարարների միջև բախումներում տուժել են հարյուրավոր մարդիկ, կան զոհեր: Բենղազիում ամերիկյան դեսպանատան վրա իսլամիստների հարձակման արդյունքում զոհվել է Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսն ու ևս երեք ամերիկացի:

Մեկնաբանել