ԵՄ-ն մեզ կաղաչի անդամակցության մասին․ Թուրքիա

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը նախօրեին ադրբեջանական APA գործակալությանը հայտարարել է, որ Եվրամիությունն արդեն 50 տարի է՝ իր երկրի նկատմամբ իրեն պահում ոչ անկեղծ և երեսպաշտորեն։ Այս մասին իր խմբագրականում գրում է ավստրիական Die Presse պարբերականը։

Նախարարը դժգոհել է, որ Եվրամիությունը նախկինի պես ուշադրությամբ շրջանցում է իր երկիրը, թեև այն, ի տարբերություն ԵՄ երկրների մեծամասնության, համապատասխանում է մաաստրիխյան չափանիշներին։ Նրա կարծիքով՝ «կգա օրը, երբ իրենց կաղաչեն Եվրամիություն մտնելու մասին», իսկ Թուրքիան «այդ օրվա վերջին» կորոշի՝ ուզում է դա, թե ոչ։ Չաղլայանի կարծիքով՝ հաշվի առնելով իրերի ներկայիս դասավորությունը՝ պարզ չէ՝ մինչև այդ պահը գոյություն կունենան արդյոք Եվրամիությունն ու եվրոն։

Չաղլայանը նշել է, որ Թուրքիան վերջին տասնամյակի ընթացքում պարտքը կրճատել է 73%-ից մինչև 39%։ Ճգնաժամը լուրջ տհաճությւոններ չի պատճառել թուրքական ոչ մի բանկի, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի պարտքերը կրճատվել են մինչև $1,5 մլրդ։ Վերջիվերջո, շարունակել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը, երկրի տնտեսական աճն անցյալ տարի կազմել է 8,5% այն դեպքում, երբ Եվրոպայի տնտեսությունն աճել է միայն 1,5%-ով։ Նախարարի հնչեցրած հաշվարկներով՝ եթե Թուրքիան Եվրամիության կազմում լիներ, եվրոպական տնտեսության ընդհանուր աճը կկազմեր 1,8%։ Այդուհանդերձ, Թուրքիան մտադիր է շարունակել հասնել անդամակցության։ «Մենք հետագայում էլ ենք նյարդայնացնելու եվրոպացիներին։ Կան մարդիկ, որոնք կցանկանային ԵՄ-ն վերածել քրիստոնյաների ակումբի և Թուրքիան թողնել նրա սահմաններից դուրս։ Մենք դրա հետ չենք հաշտվի»,- հայտարարել է նա։

Քուրդ ապստամբների դեմ մարտերը, որոնք նոր թափ են ստացել Թուրքիայի հարավ-արևելքում, Չաղլայանն անվանել է Թուրքիայի արագ զարգացումից անհանգստացած արտաքին ուժերի խաղ։ Նա հավելել է, որ իր քրդական ծագումը լավագույն ապացույցն է այն բանի, որ Թուրքիան քուրդ քաղաքացիներին վերաբերվում է ճիշտ այնպես, ինչպես մնացած բոլորին․ «Պետությունն ինձ չխանգարեց դառնալ նախարար»։

Մեկնաբանել