Այսօր Իտալիայի ամենագեղեցիկ կնոջ ծննդյան օրն է

Սոֆի Լորենի կյանքը լի է եղել այն ամենով, ինչի մասին կարող է երազել կինը` գեղեցկություն, հաջողություն, երջանիկ ընտանիք: Ավելի քան 80 ֆիլմում նկարահանված, երկու օսկարակիր և «համաշխարհային կինեմատոգրաֆի գանձ» կոչմանն արժանացած դերասանուհի Սոֆի Լորենն այսօր իր ծննդյան 78-ամյակն է տոնում:

Սոֆիա Վիլլանի Շիկոլոնեն ծնվել է Հռոմում: Նրա յորահատուկ գեղեցկությունը վաղ է ծաղկել. 14 տարեկանում հաղթելով գեղեցկության տեղական մրցույթում` նա ծանոթացել է մարդու հետ, որը նրան նոր անուն է նվիրել և հայտնի դարձրել այն ամբողջ աշխարհին: Պրոդյուսեր Կարլո Պոնտին դարձել է նաև Լորենի կյանքի ուղեկիցը և նրա երկու որդիների հայրը:

Սոֆիի մասնակցությաբ առաջին ֆիլմը, որ նկատել է կինոսեր հանրությունը Վիտորիո դե Սիկայի «Նեապոլի ոսկին» է եղել: Հենց այս ռեժիսորի հետ համագործակցելով էլ դերասանուհին հետագայում կերտել է իր լավագույն կերպարները` «Իտալական ամուսնություն», «Չոչարա», «Երեկ, այսօր, վաղը», «Արևածաղիկները» ֆիլմերում: 1957-ից նա շատ է աշխատել նաև Հոլիվուդում, և չնայած դերասանուհու ամերիկյան աշխատանքներն այնքան էլ հաջող չեն համարվում, նա նկարահանվել է ժամանակի գրեթե բոլոր մեծ դերասանների հետ, ինչպես նաև հանդես եկել Չարլի Չապլինի վերջին` «Կոմսուհին Հոնկոնգից» ֆիլմում:

Երկարամյա գործընկեր Մարչելո Մաստրոյանիի հետ ներկայացրած երկխաղերը կինոյի պատմության լավագույն զույգերից են համարվում: Ի դեպ, նա եղել է Մաստրոյանիի կողքին նաև դերասանի վերջին` «Բարձր նորաձևություն» ֆիլմում: Լորենի կերտած իրական, կենսունակ, վառ արտահայտված բնավորությամբ հերոսուհիները վկայում են նրա դերասանական տաղանդի մասին:

Սոֆի Լորենը մինչ օրս նույնքան գեղեցիկ է և համակրելի, որքան կես դար առաջ: Նա չի թաքցնում իր տարիքը և շարունակում է գերել մարդկանց սրտերը` հպարտությամբ կրելով իր փորձն ու ապրած տարիները:

Մեկնաբանել