Ասիայում միլիոնատեր ներդրողների թիվն ավելի արագ է աճում, քան աշխարհում

2011թ. Հարավարևելյան Ասիան առաջին անգամ գերազանցել է Ամերիկային՝ $1 մլն-ից ավելի ներդրումային կապիտալ ունեցողների թվով։ Նախորդ տարի Ասիան ցուցանիշով առաջ էր անցել Եվրոպայից։

2011թ. Ասիայում $1 մլն և ավելի ներդրումային կապիտալ ունեցողների թիվը կազմել է 3,4 մլն։ Այսպիսի տվյալներ է պարունակում կանադական Royal Bank of Canada-ի և ֆրանսիական Capgemini վերլուծական ընկերության ամենամյա համատեղ ուսումնասիրությունը: Ըստ զեկույցի՝ տնտեսական հզորության կենտրոնացումն արագ զարգացող շուկաների տարածաշրջանում առաջ է բերել ձեռներեցների նոր դաս: Ուսումնասիրությունում հաշվարկված են միայն ներդրումների համար առանձնացվող միջոցները, որոնք չեն ներառում անշարժ գույքն ու կոլեկցիոն իրերը։

Ասիայում ներդրող միլիոնատերերի թիվն երկու անգամ ավելի արագ է աճում, քան ամբողջ աշխարհում: 2011թ. նրանց թիվն ավելացել է 1,6%-ով: Ասիացի միլիոնատերերի հիմնական մասը՝ 54%-ը, կենտրոնացած է Ճապոնիայում՝ 2010թ. 52,5%-ի համեմատ։ Հարուստ ճապոնացիները բավական պահպանողական են ներդրումներին առնչվող հարցերում, կապիտալը նախընտրում են պահել գումարի տեսքով կամ ներդնել անշարժ գույքի, և ոչ բաժնետոմսերի մեջ։

Ի տարբերություն Ճապոնիայի՝ Հոնգ Կոնգում և Հնդկաստանում նախընտրում են ներդրումներ անել բաժնետոմսերում։ Արդյունքում ներդրումային կապիտալն այստեղ զգալիորեն կրճատվել է՝ համեմատ տարածաշրջանի մյուս պետությունների։

Փորձագետները նշում են նաև Սինգապուրի և Հոնգ Կոնգի՝ որպես օֆշորային կապիտալի կենտրոնների մասին, որոնք ամրապնդում են իրենց դիրքերն Ասիայում աճի ալիքի ֆոնին՝ առավելություն ձեռք բերելով Շվեյցարիայի և Լյուքսեմբուրգի նկատմամբ։ Ընդ որում՝ մրցակցությունը թեժանում է Հոնգ Կոնգի և Սինգապուրի միջև։ Ուսումնասիրության համաձայն՝ Սինգապուրի առավելություններն ավելի ծանրակշիռ են: Ներդրողների համար կարևոր է այս քաղաք-պետության անկախ կարգավիճակը և պետական կարգավորման համակարգը:

Ասիան Հյուսիսային Ամերիկային գերազանցել է նաև $100 մլն-ից ավելի կարողություն ունեցող ներդրողների թվով: Ամերիկյան Citigroup-ի և բրիտանական Knight Frank ընկերության ավելի վաղ հրապարակված The Wealth Report 2012 զեկույցի տվյալների համաձայն՝ 2011թ. Հարավարևելյան Ասիայում, Չինաստանում և Ճապոնիայում առնվազն $100 մլն կապիտալ ունեցողների թիվը 18 հազ. է, ԱՄՆ-ում՝ 17 հազ., Արևմտյան Եվրոպայում՝ 14 հազ.: