Երբ ճիշտը երկուսն է

Սեպտեմբերի 19-ին ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրը տպագրեց Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Այլ կերպ, քան գիտակցված սադրանք, դա որակել չի կարելի: Մանավանդ, երբ վերջին երկու շաբաթն իսլամական աշխարհն ուղղակի ցնցվում է «Մուսուլմանների անմեղություն» նույնպես բացահայտ սադրիչ ֆիլմի պատճառով: Կարելի է հիշել նաև, թե իսլամադավանների ինչ զայրույթի ալիք բարձրացավ 2006թ. դանիական, իսկ հետո՝ նաև այլ եվրոպական թերթերում մարգարեի ծաղրանկարների հայտնվելուց հետո:

Սա հասկանում են նաև Ֆրանսիայում: Երկրի ղեկավարությունը որոշել է մեկ օրով՝ սեպտեմբերի 21-ին, փակել մոտ քսան երկրներում ֆրանսիական դպրոցները, դիվանագիտական ներկայացուցչությունները, մշակութային կենտրոնները և այլ հաստատություններ, քանի որ զգուշանում է սեփական քաղաքացիների կյանքի անվտանգության համար: Սակայն, նույնիսկ այս դեպքում, Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Այրոն չդատապարտեց կատարվածը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայում գոյություն ունի խոսքի ազատություն, և լրատվամիջոցի լուսանկարներից վիրավորվածներին առաջարկեց դատարան դիմել:

Զարմանալի է, բայց ներկա իրողություններում երկու կողմն էլ ճիշտ են:

Մուսուլմանները ճիշտ են. վիրավորվել են նրանց կրոնական զգացմունքները: Ընդ որում, դրանք շատ ավելի մեծ են, քան մենք կարող ենք պատկերացնել: Իսլամն ընդամենը կրոն չէ, այն աշխարհայացք է, կենցաղ և արժեհամակարգ: Եվ ծաղրի առարկա դարձնելով մարգարեին՝ սասանվում են քաղաքակրթական հիմքերը, ինչը բավարար է, որպեսզի հասարակ մուսուլմանը գնա և պատիվ պահանջի: Իսլամական աշխարհը իրեն նաև Արևմուտքի կողմից մշտական հարձակման թիրախ է ընկալում: Դա պատմական հիշողության մասն է, որը գալիս է դեռ գաղութացման շրջանից, երբ եվրոպական տերություններն անխնա կողոպտում էին իսլամական երկրներին: Այսօր այդ գաղութացումը շարունակվում է արևմտյան մշակութային և նյութական արժեքների հուժկու տարածումով և ամրապնդվում ԱՄՆ-ի ռազմական ներկայությամբ Իրաքում և Աֆղանստանում: Այս վախերն ու տագնապի զգացումը վերակենդանանում եմ ամեն անգամ, երբ Արևմուտքը, որն իր մշակութային ինքնահաստատման մեջ այլևս ոչ մի սրբության նկատմամբ ակնածանք չի տածում, ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորում իսլամի նկատմամբ:

Արևմուտքը ճիշտ է: Թեև մուսուլմանները ամեն անգամ այդպես բուռն են արձագանքում սեփական կրոնի դեմ ոտնձգությանը, սակայն շատ հաճախ բացարձակապես չեն պատրաստվում հարգալից վերաբերմունք դրսևորել այլ կրոնների նկատմամբ: Գաղթելով Արևմուտք՝ նրանք փորձում են այնտեղ տարածել սեփական արժեքները: Ավելին, նրանք ահաբեկչական գործողություններ են իրականացնում, իսկ հասարակ մի կիսասիրողական ֆիլմի պատճառով գրոհեցին արևմտյան դեսպանատներն ամբողջ աշխարհում և նույնիսկ սպանեցին ամերիկյան դեսպանին Լիբիայում: Այս առումով, ֆրանսիական ամսագրի գործողությունը փորձ է ցույց տալ, որ Արևմուտքը պատրաստ է պաշտպանել իր արժեքները: Եվ ևս մեկ ապացույց, որ ազատ կարծիքն ու խոսքը գերակա արժեք են նման հասարակություններում:

Մեզ՝ հայերիս, նման իրավիճակը կարող է տարօրինակ թվալ. չէ՞ որ, ըստ հայտնի արտահայտության՝ «Ճիշտը մեկն է»: Սակայն արի ու տես, որ՝ ոչ: Այս դեպքում ընթերցողը կարող է ընտրել, թե ում կողմն է, սակայն դրանից մյուս կողմի ճշմարտացիությունը չի հերքվում:

Եվ, ի վերջո, դեռ միջնադարում ի հայտ է եկել «երկակի ճշմարտության» տեսությունը, ըստ որի՝ միաժամանակ կարող է գոյություն ունենալ փիլիսոփայական ճշմարտություն և կրոնական ճշմարտություն: Քանի որ փիլիսոփայությունը անկախ է կրոնից, ապա հնարավոր է հակասություն փիլիսոփայական հայացքների և կրոնական դոգմաների միջև: Այս տեսությունը մեծապես զարգացրեցին Թոմաս Աքվինացին և Ուիլյամ Օքքամը: Սակայն դրա հեղինակը… միջնադարյան արաբ մտածող Իբն Ռուշդն էր (Ավերոյեսը):

Մեկնաբանել