Տարվա ամենահարուստ ամերիկացին Բիլ Գեյթսն է

Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորել է ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագրի ամենահարուստ 400 ամերիկացիների՝ The Richest People in America in 2012 վարկանիշը: Ամսագիրը Գեյթսի կարողությունը $66 մլրդ է գնահատել, ինչն անցած տարվա համեմատ ավելի է $7 մլրդ-ով:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը՝ $46 մլրդ կարողությամբ։ 2011-ի համեմատ նա հարստացել է $7 մլրդ-ով: Երրորդ ամենահարուստ ամերիկացին տեխնոլոգիական Oracle ընկերության սեփականատեր Լարի Էլիսոնն է՝ $41 մլրդ կարողությամբ։ Էլիսոնն իր կարողությունն ավելացրել է 8 մլրդ-ով (20%-ով) և ըստ տոկոսային աճի ցուցանիշի առաջինն է վարկանիշում։

4-րդ և 5-րդ հորիզոնականներում հայտնվել են Koch Industries-ի սեփականատերեր Չարլզ և Դեյվիդ Կոխ եղբայրները։ Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը Forbes-ը $31 մլրդ է գնահատել է:

6-ից մինչև 9-րդ հորիզոնականները կիսում են Ուոլթոն ընտանիքի ներկայացուցիչները՝ Walmart մանրածախ առևտրի ցանցի սեփականատերերը՝ $27,9 մլրդ-ից մինչև $26,1 մլրդ կարողությամբ: 6-րդ հորիզոնականը զբաղեցրած Քրիստի Ուոլթոնը ԱՄՆ-ի ամենահարուստ կինն է:

Ամենահարուստ ամերիկացիների տասնյակը եզրափակում է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը՝ $25 մլրդ կարողությամբ:

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը վարկանիշում 36-րդն է, նրա կարողությունը գնահատվել է $9,4 մլրդ։ Ցուկերբերգը Forbes-ի նախորդ վարկանիշի համեմատ նահանջել է 12 հորիզոնականով։ Ամսագրի գնահատմամբ՝ այս տարի նա կորցրել է $8,1 մլրդ: