Երևանում կկառուցվի Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարան

Երևանի Աբովյան պուրակին հարակից տարածքում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին կհատկացվի հողատարածք՝ Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարան կառուցելու համար: Հողհատկացման հարցը քննարկվել է կառավարության սեպտեմբերի 20-ի նիստին և հավանության արժանացել:

Ավելի վաղ` 2004թ., Պուշկինի անվան զբոսայգուն հարող տարածքում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էր հողամաս, սակայն այդ հողամասում կառուցապատման հետ կապված բարդությունների պատճառով` առաջարկվել էր տրամադրել այլ տարածք։ 

Հայաստանի ճարտարապետների միությունում 2011թ. դեկտեմբերին տեղի է ունեցել հասարակական քննարկում` հասարակական կազմակերպությունների և հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ: Արդյունքում հավանություն է տրվել Աբովյան հրապարակին հարող տարածքում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի ստեղծման նպատակահարմարությանը։ Հողատարածքը գնահատվում է 14 մլն 40 հազ. դրամ:

Նախատեսվում է 360 քմ-ի վրա կառուցել երկհարկ շինություն, որտեղ հավուր պատշաճի կհավերժացվի Հրանտ Մաթևոսյանի հիշատակը և նրա մշակութային ու հասարակական ժառանգությունը կներկայացվի հանրությանը։