Սարգիս Հովսեփյանն ավարտեց կարիերիան

«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը որոշում է կայացրել թողնել մեծ ֆուտբոլը, տեղեկացնում է Երևանի ակումբի պաշտոնական կայքը: Այս կապակցությամբ լեգենդար ֆուտբոլիստը հանդես է եկել հայտարարությամբ.

Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ

-Արդեն 24 տարի է, ինչ ես մեծ ֆուտբոլում եմ: Հայաստանի անկախացումից հետո ես անմնացորդ նվիվել եմ մեր ֆուտբոլին: Եվ «Փյունիկում» և Հայաստանի հավաքականում, ինչպես նաև մյուս ակումբներում, որտեղ խաղացել եմ, միշտ խաղադաշտ եմ մտել հաղթանակի նշանաբանով և արդար խաղի գաղափարով: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է դադարեցնել ելույթներս:

Ֆուտբոլային երկար ճանապարհը բնականաբար հեշտ չի եղել և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնց հետ միասին կերտել ենք այս շրջանի պատմությունը: Շնորհակալ եմ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ մեծ վստահության և գնահատականի համար, «Փյունիկ» ակումբի բոլոր ղեկավարներին՝ ի դեմս Գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի, մարզչական շտաբին՝ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ, «Փյունիկ» ակումբում աշխատած բոլոր մարզիչներին, բժշկական անձնակազմին ի դեմս ՝ Վարդան Հովասափյանի, բոլոր աշխատակիցներին, այն բոլոր ֆուտբոլիստներին, որոնց հետ տարբեր տարիների հանդես եմ եկել մեր հարազատ ակումբում:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, որի հետ շատ հաճելի էր աշխատելը: Նրա գլխավորությամբ մեր հավաքականը հասավ առայժմ ամենամեծ բարձունքին: Շնորհակալ եմ հավաքականում հանդես եկած իմ բոլոր խաղընկերներին՝ որոնց հետ միասին երկար տարիներ պաշտպանել եմ մեր երկրի պատիվը: Շնորհակալություն ֆուտբոլասերներին, որնոք աջակցել են մեզ:

Կցանկանայի նաև հիշել և երախտագիտության խոսքեր ասել ռուսական «Զենիթ» և «Տորպեդո» ակումբների հասցեին, որտեղ անց եմ կացրել իմ կարիերայի մի քանի անմոռանալի տարիներ:

Ես երջանիկ եմ, որ այսքան երկար տարիներ եղել եմ ֆուտբոլում: Մեծ հաղթանակներ եմ մաղթում Հայաստանի ազգային հավաքականին, մեր հայկական ֆուտբոլին և իմ հարազատ «Փյունիկին»:

Մեկնաբանել